«Բարսելոնա»-«Յուվենթուս». Կստացվի՞ նորից
Այսօր երեկոյան կտեսնենք, թե արդյո՞ք կրկին կգործի կատալոնացիների՝ 1 տոկոս հավատ և 90 տոկոս նվիրում սկզբունքը: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հանդիպելու են Թուրինի «Յուվենթուսը», ով առաջին խաղում ջախջախեց կատալոնացիներին, և «Բարսելոնան», ով իր երկրպագուներին սովորեցրել է, որ առաջին խաղում խոշոր հաշվով պարտվելը դեռ ոչինչ չի նշանակում:
Ֆուտբոլային աշխարհը դեռ չի հասցրել ամբողջությամբ վերլուծել «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա» հանդիպումն ու մրցավարների «տրամաբանական» որոշումներն այդ խաղում, երբ նրան սպասվում է ևս մեկ հանդիպում, որից հետո քննարկումները նոր թափ են ստանալու՝ ֆուտբոլիստներն ու մրցավարները երաշխավորում են:
Կատալոնական «Բարսելոնան» առաջին խաղում մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով պարտվելուց հետո պետք է փորձի ևս մեկ անգամ քամբեք անել՝ հաստատելով իր դերն աշխարհի լավագույն ակումբների ցուցակում: Թուրինյան ակումբը, սակայն, չի պատրաստվում խաղն անցկացնել սեփական տուգանային հրապարակում, քանի որ Իտալիայում անպատասխան հարցեր չթողնելուց հետո, պետք է հաստատի իր կարգը նաև Եվրոպայում: Չմոռանանք, որ հենց կատալոնացիներն էին, որ թուրինյան ակումբին հաղթեցին եզրափակչում և «Քամփ Նոուի» թանգարան տարան «Յուվենթուսի» այդքան երազած տիտղոսը:
Հրաշքներ ամեն անգամ չեն լինում, բայց կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն ու երկրպագուները հավատում են նրան, որ ունակ են վերադարձնել 3 գոլի տարբերությունը: Ինչպես Նեյմարն է ասում՝ «Յուվենթուսը» ՊՍԺ-ն չէ, բայց «Բարսելոնան» նույն «Բարսելոնան» է:
Իսկ կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ում ամենից շատ են մեղադրում վատ խաղի համար, նշել է, որ թիմը տրամադրված է, և երկրպագուները չպետք է հեռանան 80-րդ րոպեից հետո, քանի որ բաց կթողնեն խաղի ամենակարևոր հատվածը:
Այսօր ամենաքննարկվող հարցերից մեկը այն է, թե արդյո՞ք կատալոնական ակումբի մոտ կստացվի նորից: Երկրպագուները հավատում են, որ՝ այո, ֆուտբոլային վերլուծաբանները՝ ոչ այնքան: Սակայն, եթե նայենք պատմությանը, կտեսնենք, որ մեկ անգամ չէ, որ կատալոնացիները դուրս են եկել անելանելի թվացող իրավիճակից:
Այսպիսով, 1973/74 մրցաշրջանում, 3:0-ից հետո, «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Նիսին» 2:0 հաշվով: 1977/78 մրցաշրջանում «Իպսվիչին» 3:0 հաշվով պարտվելոց հետո կատալոնացիները կարողացան սեփական դաշտում դառնալ 3 գոլի հեղինակ, այնուհետև՝ հաղթել 11-մետրանոց հարվածաշարում:
Նույն մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակչում կատալոնացիները վերադարձրին 3:0 հաշիվը՝ ՊՍՎ-ի հետ խաղալով 3:1 հաշվով:
Մյուս մրցաշրջանի՝ Գավաթակիրների գավաթի երկրորդ շրջանում 3:0-ն վերադարձնելուց հետո կատալոնացիները 11-մետրանոց հարվածաշարում հաղթեցին «Անդերլեխտին» 4:1 հաշվով:
Կատալոնացիների հաջորդ քամբեքը 1986/87 մրցաշրջանի՝ Եվրոպական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչում էր, երբ նրանք վերադարձրին 3 գնդակի տարբերությունը և հաղթեցին «Գյոթեբորգին»՝ հետխաղյա 11-մետրանոցներով:
Պատմությունը ևս փաստում է, որ ցանկության դեպքում կատալոնացիները կարող են վերադառնալ 3:0 հաշվից հետո, մնում է միայն չմոռանալ, թե ինչ նպատակով են նրանք դուրս եկել դաշտ և չխնայել ուժերը: Մյուս կողմից՝ ուժերը պետք է մի փոքր խնայվեն, քանի որ 4 օրից Էլ Կլասիկոն է:
Երևանի ժամանակով 22:45-ից սկսած ֆուտբոլային աշխարհը կտեսնի, թե այնուամենայնիվ, արդյո՞ք այս մրցաշրջանում խաղում է այն թիմը, որին սովորել է Եվրոպան հատկապես վերջին 10 տարիներին: Կատալոնացիները կա՛մ կսկսեն սփոփվել գավաթի եզրափակչով, կա՛մ ևս մեկ անգամ «բարի գիշեր» կմաղթեն Սերխիո Ռամոսին:
Սիրարփի Աղաբաբյան