«Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է». Սեքսոպաթոլոգ
«Դպրոցներում անհրաժեշտ է գոնե սակավաթիվ ժամերով դասընթաց, որի ընթացքում դեռահասը հնարավորություն կունենա ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունն իր սեռական հասունացման հոգեբանական և ֆիզիոլոգիական դրսևորումների վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ այսօր այդ դասընթացը սակավաթիվ ժամերով ներառված է առողջ ապրելակերպի շրջանակներում, ու դասավանդում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը.
«Թե ինչպե՞ս է դասավանդում` չեմ կարող ասել, բայց որպես մասնագետ՝ կարող եմ փաստել, որ ըստ իս՝ նախընտրելի կլիներ ընդհանրապես չլիներ, քան լիներ այդպես: Սեռական դաստիարակությունը պահանջում է հատուկ մեթոդաբանություն՝ ինչ ասել, ինչ չափով ասել, որ լսարանում ասել»:
168.am-ի հարցին, թե համացանցում շրջանառվող տեղեկատվությունը սեռական հարաբերությունների մասին որքանո՞վ դրական կամ բացասական է ազդում մեր դեռահասների և երիտասարդների սեռական դաստիարակության վրա, սեքսոպաթոլոգն այսպես պատասխանեց.
«Միանշանակ դրական կողմը կա: Համացանցի դրականն այն է, որ մենք՝ մասնագետներս, հնարավորություն ենք ունենում համացանցում ներկայացնել մասնագիտական հանրամատչելի տեղեկատվություն՝ հոդվածների կամ տեսահոլովակների միջոցով, որը նույնպես իր օգտակարությունը ցույց է տալիս ժամանակի ընթացքում: Վատն այն է, որ մեր սակավաթիվ նյութերի կողքին կայծակնային արագությամբ գրեթե ամեն օր հայտնվում են անհասկանալի ծագում ունեցող նյութեր: Երևի թե կայք չկա, որտեղ չխոսվի սեռականության մասին: Երբ բացում ես կայքը, հասկանում ես, որ անհասկանալի ծագում ունեցող, երբեմն՝ ոչ ճիշտ թարգմանված նյութեր են, իսկ այսօր այդ թեմաները շատ մեծ պահանջ ունեն, և մեր փոքրաթիվ աշխատանքը չի երևում: Շատ հաճախ ապատեղեկացված զույգերը, յուրացնելով այդ ինֆորմացիան, սկսում են դրանով առաջնորդվել, դա որպես հիմք ընդունել: Նյութերի զգալի մասը ոչ մասնագետների կողմից են պատրաստվում»:
Մեր ճշտող հարցին, թե՝ դուք առաջընթաց տեսնո՞ւմ եք մեր հասարակության մեջ սեռական դաստիարակության առումով, Վ. Շահրամանյանը պատասխանեց, որ չնչին առաջընթաց կա.
«Սայլը տեղից շարժվում է, բայց, իհարկե, շատ դանդաղ, և քանի որ մեր մասնագետների կատարած աշխատանքն օնլայն տիրույթում շատ քիչ է այն ոչ մասնագիտական տեղեկատվության դիմաց, բնականաբար, քայլերն էլ համապատասխանաբար դանդաղ են առաջ գնում: Ցանկալի կլիներ, որ այդ ամենը լիներ շոշափելի, գոնե լիներ մեկ հաղորդաշար, որը կխոսեր ընտանիքի հոգեբանական, սեռական խնդիրներից»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե սեռական կյանքով զբաղվելու տարիքային շեմն այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանում, և արդյոք դեռևս պահպանվո՞ւմ է այն ավանդական մոտեցումը, որ աղջիկները մինչև ամուսնանալը սեռական կյանքով չեն ապրում:
Ի պատասխան՝ սեքսոպաթոլոգն ասաց. «Մեր հետազոտությունները պարզել են, որ առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 15,5 տարեկան՝ նախկին 16,6-17-ի փոխարեն, իսկ աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 18,5-ի փոխարեն: Պատճառները տարբեր են, այսպես կոչված՝ ազատ, երբեմն՝ անառողջ ազատ վարքերը, ինֆորմացիայի առատությունը, որոշ դեպքերում՝ ԶԼՄ-ների դերը, ոչ ճիշտ տեղեկատվությունը, անառողջ օրինակները, և այլն:
Այդ առումով պատկերը փոխվել է: Ինչ վերաբերում է աղջիկների մինչամուսնական սեռական կյանքին, իհարկե, այդ առումով նույնպես պատկերը փոխվել է, թեև դեռ միտում ունենք այն ավանդապահ պատկերին, որը կար, բայց էլի քիչ չեն դեպքերը, երբ զույգը գալով մեզ մոտ՝ նշում է, որ իրենք իրենց առաջին հարաբերություններն ունեցել են մինչ ամուսնանալը: Այն առանցքային կարծրատիպը դեռ կա, որ սեռական հարաբերության մեջ պետք է մտնել միայն ամուսնանալուց հետո, որը երևի թե ողջունելի է, երբ մենք զուգահեռներ ենք անցկացնում այլ ազգերի պատկերի հետ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: