Բաժիններ՝

«Տղաները միշտ ձգտում են ամուսնանալ, այսպես կոչված, «անարատ» աղջիկների հետ». Սեքսոպաթոլոգ

«Աններդաշնակություն հասկացությունը յուրաքանչյուր զույգ յուրովի է մեկնաբանում»,- ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

Նրա խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ, երբ զույգը գալիս է կոնսուլտացիայի, ներկայացնելով իրենց խնդիրը՝ ամեն մեկը յուրովի է ներկայացնում.

«Երբ փորձում ենք ամփոփել, իրականում հասկանում ենք, որ աններդաշնակությունը զույգի սեռական և հոգեբանական հայացքների տարաձայնությունն է, որը վերջերս ավելի հաճախ է հանդիպում, ընդ որում, թե՛ հոգեբանական գործոններով պայմանավորված, թե՛ սեռական գործոններով պայմանավորված, և երբեմն էլ՝ համակցված, որովհետև գաղտնիք չէ, որ շատ հաճախ մեկը բերում է մյուսի դրսևորմանը»:

Սեքսոպաթոլոգը նշեց, որ հաճախ են հանդիպում սեռական հայացքների տարաձայնությամբ պայմանավորված աններդաշնակ զույգերի, որոնք չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել՝ ելնելով իրենց սեռական ցանկությունների, սեռական պատկերացումների բախումներից.

Կարդացեք նաև

«Դա էլ իր պատճառաբանությունն ունի, որովհետև, ինքներդ գիտեք՝ տղաները միշտ ձգտում են ամուսնանալ, այսպես կոչված, անարատ աղջիկների հետ, իսկ այդ «անարատությունն» էլ շատ դեպքերում ունի իր բովանդակությունը:

Այսինքն՝ սեռական կյանքի փորձ չկա, սեռական տեղեկատվություն չկա, տեղեկացված չեն շատ հարցերում, և փորձառու տղամարդն էլ, բնականաբար, հանդիպելով նման տեսարանի, սկսում է արդեն ներկայացնել իր դժգոհությունը, սկսում է իր ճանապարհը շեղել՝ ընտրելով այլ տեսակի բավարարման աղբյուրներ, որոնք էլ հետո դառնում են նաև աններդաշնակության պատճառներ, որովհետև կինը մնում է անտեսված, ամուսինը չի ստանձնում ուսուցչի դերակատարությունը և ժամանակ առ ժամանակ կատարում է իր ամուսնական պարտականությունը, այդ ժամանակ առ ժամանակը հետո դառնում է շատ ուշ-ուշ՝ ամիսը մեկը, երկու ամիսը մեկ անգամ:

Երբ սկսում ենք մասնագիտորեն վերլուծել, հասկանում ենք, որ այդ ամենի հիմքում ընկած է սեռական աններդաշնակությունն իր կնոջ հետ, որը շտկելի է, չասենք՝ բուժելի է, որովհետև դա հիվանդություն չէ, բայց նաև ունի իր պատճառները՝ կնոջ որոշակի պասիվությունը, կնոջ անհամաձայնությունն ինչ-որ կոնկրետ սեռական հարաբերությունների դրսևորման հարցում, և այլն»:

Սեքսոպաթոլոգը նշեց, որ սեռական աններդաշնակության պատճառ կարող է լինել նաև կնոջ կամ տղամարդու սեռական հիվանդություն ունենալու հանգամանքը. «Հայաստանում, օրինակ, քիչ չեն վագինիզմի դեպքերը՝ ելնելով որոշ էթնոմշակութային առանձնահատկություններից»: Վ. Շահրամանյանը նշեց, որ այդ հիվանդության դեպքում կինը վախենում է սեռական հարաբերություններ ունենալուց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս