ՄԱԿ-ի ԱԽ-ում դռնբաց նիստ է անցկացվելու
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին համոզել է այսօր դռնբաց նիստ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պահպանության միջեւ փոխադարձ կապի թեմայով: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը:
Նիստի սկիզբը, որն անվանվել է «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը. մարդու իրավունքները եւ զինված հակամարտության կանխումը», նախատեսված է Երեւանի ժամանակով 23:00-ին: Հանդիպմանը զեկուցմամբ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
ԱՄՆ-ի պատվիրակության կողմից պատրաստված կոնցեպտուալ գրության մեջ բանավեճի մասնակիցներին առաջարկվում է քննարկել «մարդու իրավունքների լուրջ խախտումներին» հակազդելու միջոցները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են հանգեցնել զինված հակամարտությունների, հումանիտար ճգնաժամերի եւ ամբողջ շարք տարածաշրջանների ապակայունացման:
ԱՄՆ-ն առաջիկա նիստը համարում է «պատմական», քանի որ մինչ օրս Անվտանգության խորհուրդը ոչ մի անգամ չի անցկացրել հանդիպումներ, որոնք ամբողջությամբ նվիրված լինեին մարդու իրավունքների թեմային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: