«Ովքեր դժգոհ են մեկ, երկու, երեք տոկոս արդյունքներից, ուրեմն՝ պետք է հրաժարականներ տան, ներքին ընտրություններ անեն». Ազատ Արշակյան
«Երեք ուժերն էլ կհաղթեն Երևանի քաղաքացիներին, նրանք իրենց ներկայությունը կունենան ավագանիում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ինչպես կարգն է, ՀՀԿ-ն կունենա մեծամասնություն, իր ձայներով բավարարված կլինի «Ելք» դաշինքը, ստացած իր ձայներով ներկա կլինի նաև «Երկիր Ծիրանին» ու կբողոքարկի ընտրությունների արդյունքները, որովհետև արդարացի ընտրություններ անհնար է Հայաստանում»,- ասաց նա:
Ա. Արշակյանը նշեց, որ հնարավոր են նաև անակնկալներ, բայց, ըստ նրա, իշխանությունն անակնկալներ չի սիրում: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մյուս ուժերը հրաժարվեցին մասնակցել այս ընտրություններին՝ Ա. Արշակյանն ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր պատճառներ ուներ.
«Օրինակ՝ ԲՀԿ-ի պատճառաբանությունն ինձ համար անհասկանալի է, իսկ մյուս ուժերը, որոնք չեն հաղթահարել ԱԺ ընտրություններում սահմանված իրենց տոկոսները, նրանք էլ պետք է սթափվեն, ճիշտ են անում, պետք է ընտրություններ լինեն, հրաժարականներ պետք է լինեն, իրենց ղեկավարող անձնակազմը պետք է փոխվի, այսինքն՝ ներքին խնդիրներ ունեն այդ կուսակցությունները: Ովքեր դժգոհ են մեկ տոկոս, երկու տոկոս, երեք տոկոս արդյունքներից (կարծում եմ՝ դա նրանցից որևէ մեկի երազած թիվը չի եղել), ուրեմն՝ պետք է հրաժարականներ տան, ներքին ընտրություններ անեն:
Այսինքն՝ մենք պետք է հիմա վերակառուցվենք, նրանց քիչ է հիմա հետաքրքրում Երևան քաղաքի ավագանին: Նման արդյունքներ ունենալուց հետո այդ կուսակցությունների ղեկավարները երևի պետք է մի 10 տարի ընդհանրապես հրաժարվեն «քաղաքականություն» բառն օգտագործելուց, նրանք պետք է ասեն՝ գավառական, որովհետև դրանք ի՞նչ թվեր են: Կամ էլ այդ կուսակցությունները պետք է հեռացնեն իրենց ղեկավարներին»:
Մեր այն հարցին, թե դա հենց այդ ուժերի պարտությո՞ւնն էր, թե՞ ուրիշ մեթոդներ գործեցին ընտրությունների ժամանակ՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Ուրիշ մեթոդներ գործեցին, բայց այդ ուրիշ մեթոդները գաղտնիք չեն եղել, ԵՏՄ-ում ուրիշ մեթոդներ չկային, ԵՏՄ-ում այդ խաղի կանոններն են գործում, այդ խաղի կանոններով մտել են խաղի մեջ ու ջախջախիչ պարտություն են կրել, նրանցից որևէ մեկի համար անակնկալ չէր, որ իշխանությունը փորձելու է վերարտադրվել բոլոր միջոցներով: Իսկ եթե որևէ մեկը չի իմացել այդ կանոնների մասին, ուրեմն՝ նա ընդհանրապես քաղաքականությունից հեռու է»: