Արցախի տպավորիչ տնտեսական ցուցանիշները՝ ինֆոգրաֆիկաներով
Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական տարեկան ցուցանիշները:
Արցախի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս (2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի և 101.6 տոկոսի փոխարեն):
2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1577.3 հազ. դրամ, 3282.7 ԱՄՆ դոլար կամ 2965.7 Եվրո` 2015թ. 1443.8 հազ. դրամի կամ 3021.0 ԱՄՆ դոլարի և 2721.1 Եվրոյի դիմաց:
2016թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 119.6 տոկոս, 2016թ. նոյեմբերի համեմատ` 123.2 տոկոս, իսկ 2016թ. հունվար-դեկտեմբերին (աճողական) 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 107.2 տոկոս:
Արդյունաբերություն: 2016թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 59.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 58.6մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2015թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 109.7 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում` 139.2 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 91.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 110.8 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 99.5 տոկոս:
ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 29.0%, մշակող արդյունաբերություն` 33.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 36.0% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.2%:
Արտաքին առևտուրը: ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016թ. փաստացի գներով, կազմել է 162.0 մլրդ դրամ կամ 338.0մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 38.9 մլրդ դրամ (81.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.2 մլրդ դրամ (256.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 84.3 մլրդ դրամով (175.8 մլն ԱՄՆ դոլարով):
2016թ. համեմատությամբ 2015թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 7.4 տոկոսով, ընդ որում, արտահանումը` 30.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.7 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 7.7 տոկոսով:
Սպառողական շուկա: 2016թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 153.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64.9%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 35.1%-ը ծառայություններին: 2016թ. առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 99.6 մլրդ դրամ, 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 12.6 տոկոսով:
2016թ. մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 85.9 մլրդ դրամ, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 4.8 տոկոսով: 2016թ. մեկ բնակչի հաշվով մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 590.0 հազ. դրամ:
Բնակչության դրամական եկամուտներ և ծախսեր: Բնակչության դրամական եկամուտները 2016թ. կազմել են 161.6 մլրդ դրամ և նախորդ տարվա համեմատ աճել են 3.6 տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 155.6 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.3 տոկոսով:
Բնակչության դրամական եկամուտների ընդհանուր ծավալից 2016թ. ապրանքների գնման և ծառայությունների վճարման համար բնակչությունը ծախսել է 117.7 մլրդ դրամ (72.8 տոկոս), պարտադիր վճարումների և կամավոր մուծումների վճարման համար՝ 7.0 մլրդ դրամ (4.3 տոկոս): Փաստորեն, բնակչության դրամական եկամուտները 6.0 մլրդ դրամով գերազանցել են ծախսերը:
Բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները 2016թ. կազմել են 157.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8 տոկոսով:
2016թ. տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱ) կազմել է 152.7 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով:
Ֆինանսներ և դրամաշրջանառություն: ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 34.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն նվազել են 1.8 տոկոսով:
2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 85.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները 2.5 անգամ: Պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 14.7%` նախորդ տարվա 16.5%-ի փոխարեն, հարկեր և տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 14.1%` նախորդ տարվա 15.9%-ի փոխարեն:
2017թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի(մասնաճյուղերի), վարկերը կազմել են 118.8 մլրդ դրամ և 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 17.9 %ով: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ներգրավված ավադները կազմել են 74.5 մլրդ դրամ և 2016թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 21.5 %-ով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78.0 տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 22.0 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 19.0 տոկոսը ցպահանջ են, 81.0 տոկոսը` ժամկետային:
Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2016թ. կազմել են 28.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 28.6 մլրդ դրամի փոխարեն:
Ժողովրդագրություն: 2016թ. ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2471 երեխա, մահացածների թիվը` 1222 մարդ, բնական աճը՝ 1249 մարդ: