«ԱՄՆ-ը զինափորձարանի է վերածում Աֆղանստանը». Համիդ Քարզայ
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը քննադատել է ԱՄՆ-ի կողմից ապրիլի 13-ին գերհզոր ռումբի կիրառումն «Իսլամական պետության» զինյալների դեմ՝ դա համարելով ինքնիշխանության խախտում եւ երկիրը սպառազինությունների փորձարկման զինադաշտի վերածելու փորձ։
«Այդ գրոհն Աֆղանստանի ինքնիշխանության, նրա տարածքի եւ բնության… աղաղակող խախտում է: Այն չի արտացոլում ահաբեկչության դեմ մղվող պայքարը, այլ պատրվակ է ԱՄՆ-ի համար, որպեսզի մեր երկրի տարածքը փորձարկման զինադաշտի վերածի զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների համար»,-գրել է Քարզայը Facebook սոցցանցի իր էջում:
Քարզայը երկրի բնակիչներին կոչէ արել մերժել իրենց տարածքում ԱՄՆ-ի գործողությունները: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 14-ին հայտարարել է, որ գրոնի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի 36 զինյալ: Աֆղանստանի իշխանությունները բացառում են զոհերը խաղաղ բնակչության թվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: