«Ադրբեջանի համար դժվար կլինի գնալ նոր ավանտյուրայի». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ նախորդ տարվա ապրիլյան լարվածության պատճառներից մեկը ռուս-թուրքական լարվածությունն էր, բայց ըստ նրա՝ այդ իրավիճակում Ադրբեջանին  զսպելու միջոցները ոչ միայն դիվանագիտական մեթոդներն են, այլ նաև ռազմական միջոցները, որ կողմերն ունեն։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ապրիլյան իրադարձություններից հետո ավելի ակտիվացավ ՀՀ-ի ու Արցախի տեխնիկական վերազինման գործընթացը։ Հետևաբար, Ադրբեջանի համար տեխնիկական առումով ավելի դժվար կլինի գնալ նոր ավանտյուրայի։ Ադրբեջանն ապրիլյան լարվածությունից հետո կորցրել է ռազմավարական հանկարծակիության գործոնը, որը բավականին կարևոր դեր պետք է խաղար և խաղաց մեկ տարի առաջ»,- պարզաբանեց նա։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ըստ նրա՝ այս պահին Էրդողանը կենտրոնացած է սահմանադրական փոփոխությունների վրա. «Ես չեմ կարծում, որ այդ գործընթացում ու մոտակա երկու-երեք շաբաթվա ընթացքում, երբ Էրդողանի հետագա քաղաքական ապագայի հարցն է լուծվելու, ինքն ինչ-որ խնդիրներ պետք է լուծի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև իր համար կարևոր նշանակություն ունեցող Մերձավոր Արևելքում։

Մյուս կողմից՝ չմոռանանք, որ ռուս-թուրքական հերթական սիրախաղի էտապն է, որը կարող է յուրաքանչյուր պահի ավարտվել ատելության նոր շղթայով, բայց համենայնդեպս, այս պահին Թուրքիայի համար բավականին կարևոր է ՌԴ դիրքորոշումը, և չի ներգրավվի մի խնդրի մեջ, որը չի հանդիսանում Թուրքիայի անվտանգության սպառնալիք, կամ ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս