Բաժիններ՝

«Ինքն իր ծառայությունից շատ գոհ էր, մանավանդ՝ իր հրամանատար Արմենակ Ուրֆանյանից». ասում է Արցախում զոհված Քյարամ Սլոյանի հայրը

Քյարամի նպատակն էր՝ բանակից հետո իր տունը կառուցել։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախում զոհված Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը։

Քյարամը ծառայել է Արցախում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտում։ Ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը զոհվել է իր ընկերների` Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի հետ նույն դիրքում` մի քանի ժամ կռվելուց հետո:

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։

Հոր խոսքով՝ 8-րդ դասարանից դպրոցից դուրս գալուց հետո մինչև բանակ գնալը Քյարամն աշխատել է. «Խելոք, լսող երեխա էր։ Շրջապատ ուներ, շրջապատում շատ հարգված տղա էր։ Փոքր ժամանակ շատ էր սիրում ձի քշել, ուներ ձի։ Նաև իր շանն էր շատ սիրում՝ Զալոյին»։

Քյարամը ծառայությունից երբեք չի դժգոհել։ «Ինքն իր ծառայությունից շատ գոհ էր, մանավանդ՝ իր հրամանատար Արմենակից: Որ զանգում էր, ասում էր՝ պապ, մեզ սոված չի թողնում, լավ է նայում, միշտ զարթուն է»,- ասաց նա։

Քյալաշ Սլոյանը վերջին անգամ որդու հետ հեռախոսազրույց ունեցել է 2016թ. ապրիլի 1-ին. «Զանգեց՝ ասեց՝ արդեն դիրքեր են բարձրացել, ամեն ինչ նորմալ է։ Երբ իմացանք կռիվը սկսվել է, զանգեցինք, բայց անհասանելի էր։ Հետո իր ընկերն ասաց՝ մենք կորցրել ենք մեր լավ ախպորը։ Այդպես իմացանք էլի, որ խփել են»։

«Մեծ սիրտ ուներ, ընկերներին շատ էր սիրում, շրջապատի տղա էր»,- ասում է հայրը և հավելում, որ իրենց վերանորոգված տանը Քյարամի իրերով անկյուն են պատրաստել։

«Մեզ մոտ են Քյարամի բազմաթիվ իրեր՝ գլխարկը, հագուստը, ափսեն, գդալը, հեռախոսը, որը հարազատներին են հանձնել օրեր առաջ, նոթատետրը, և այլն»,- նշեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս