Ընտրական օրացույց. 11 օր անց. Կարեն Դեմիրճյանը կարգուկանոն է հաստատում ԱԺ-ում. a1plus.am
a1plus.am-ը գրում է. 1995-ի ընտրություններից հետո ԿԸՀ-ն չեղյալ է համարում դաշնակցական Կիմ Բալայանի մասնակցությունը կրկնական ընտրություններին: Դրա համար հիմք էր ընդունվել ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի ԿԸՀ ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի Բալայանը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ: Գագիկ Ջհանգիրյանի վկայությամբ Բալայանի վստահված անձինք կաշառել են 4 ընտրողի` տալով նրանց 10-30դոլար:
1999-ի ընտրություններից 11-րդ օր հետո նոր խորհրդարանը գումարում է իր առաջին նիստը: Բացման խոսքի իրավունքը նախագահ Ռոբերտ Քոչարյանինն է: Նիստը նախագահողը ամենատարեց պատգամավորն է՝ կոմունիստ Պերճ Բոշնաղյանը: Խորհրդարանի ղեկավարի թեկնածուներ են առաջադրվում Կարեն Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը: Գեղամյանի նախընտրական ելույթի ժամանակ պատգամավորների մի խումբ ցուցադրաբար լքում է դահլիճը: «Միասնություն» դաշինքում ընդգծված բացասական վերաբերմունք կար ՕԵԿ-ի եւ «Իրավունք եւ միաբանության» նկատմամբ։ Դա դրսեւորվեց ինչպես Գեղամյանի ելույթի ժամանակ դահլիճից դուրս գալով, այնպես էլ՝ ավելի ուշ մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելիս։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ազգային համերաշխություն ձեւավորելու գաղափարներով մեկական մշտական հանձնաժողովի նախագահի տեղ տվեցին Դաշնակցությանը, ԱԺՄ-ին եւ ԿոմԿուսին։ Իսկ ՕԵԿ-ին եւ «Իրավունք եւ միաբանությանը» տեղեր չտվեցին՝ համարելով, որ առաջինի թիկունքում Սերժ Սարգսյանն է, երկրորդի թիկունքում՝ Սամվել Բաբայանը։ Փակ քվեարկությամբ հաղթում է «Միասնություն» դաշինքի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը:
Վարչապետ Արմեն Դարբինյանը խորհրդարանում տեղեկացնում է, որ նոր խորհդարանի ձեւավորումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին: Նրա համոզմամբ, կառավարությունը պետք է կազմավորի ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքը։
1999-ի ընտրություններից 11 օր հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին:
Խորհրդարանի միջանցքներում ընտրություններին հաջորդող 11-րդ օրը քննարկում են նոր ձեւավորվող կառավարության կազմը: Այստեղ է Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, որը համոզված է, որ ապագա կառավարությունում Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունը չի կարելի տարանջատել: Արդեն հայտնի է, որ վարչապետը Վազգեն Սարգսյանն է, որի հետ, որոշ լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանը տարաձայնություններ ունի. «Օրինակ տարբեր հարցեր կան, ինչ ասեմ՝ Վազգենը մեկ-մեկ սիրում ա գինի, ես վիսկի, կամ էլ հակառակը: Տարաձայնությու՞ն է դա, թե տարաձայնություն չի»:
Խորհրդարանի նոր ղեկավար Կարեն Դեմիրճյանը ընտրվելու առաջին իսկ րոպեներից կարգուկանոն է հաստատում դահլիճում՝ պատգամավորները դահլիճից պետք է դուրս գան միայն այն դեպքում, եթե, իր բառերով, բան-ման պետք լինի: Նոր խորհրդարանի առաջին իսկ նիստի օրը շենքի վերեւում սովորականից շատ են ագռավները: Այստեղ հույս ունեն, որ նրանց չարագուշակ կռռոցը մարգարեական չէ :
Մինչ խորհրդարանում խոսում են, թե ովքեր են տեղ գտնելու նոր կառավարությունում, արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախարարության շենքի բացման առիթով հյուրեր է ընդունում: Նրանց մեջ է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց ոչ վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ոչ էլ խորհրդարանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: