«Ես ակնկալիք ունեմ, որ մեր ներդրումներն ավելին կլինեն, քան հայտարարվել է». Սուրեն Կարայան
Հայտարարված 3.2 մլրդ դրամ ներդրումները 2-3 տարվա ծրագիր է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ նշելով, որ այս տարի նախատեսվում են 850 մլն դոլար ներդրումներ, որոնց իրականացման աղբյուրներն ու իրականացնողները հստակ են։
«Ես ակնկալիք ունեմ, որ մեր ներդրումներն ավելին կլինեն, քան հայտարարվել է»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ներդրումային ծրագրերը շատ ակտիվ քննարկվում և իրականացվում են, հետաքրքրություն կա էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման ոլորտների հանդեպ։ Ըստ նրա՝ ստեղծված Հայաստանի ներդրողների ակումբը, որի հետ հուշագրին այսօր կառավարությունը հավանություն տվեց, կքննարկի կառավարության ներկայացրած ներդրումային փաթեթը, սպասվում է, որ առաջիկայում կիրականացվի մոտ 300 մլն դոլարի չափով ներդրում՝ հիմնականում էներգետիկայի և հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության ոլորտներում։ Կարայանի խոսքով՝ ներդրումների աղբյուրների աշխարհագրությունը շատ տարբեր է, իսկ ներդրողների մեջ կան և՛ հայազգիներ, և՛ այլազգիներ։
«Մեղրիում ներդրումների հարցում վրացական կողմը շատ հետաքրքրված է։ Պայմանավորվածություն կա՝ մայիսի վերջ մենք Հայաստանում կկազմակերպենք վրացական բիզնեսի օրեր, և վրացական այն բիզնեսմենները, որոնք շահագրգռված են Իրանի սահմանին ազատ առևտրի գոտում ներդրումներ անել, ինչպես նաև առհասարակ Հայաստանում ներդրումներ իրականացնել, իրենք կգան, և կոնկրետ, առարկայական քննարկումներ կունենանք»,- ասաց Կարայանը։