«Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել մեր դպրոցում». ՀՀԿ-ն պաշտոնապես կհրավիրի Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ոչ թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկել է սովորել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում, այլ ասել է, որ պատրաստ են հրավիրել առաջին նախագահին այնտեղ դասավանդելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ այս պարզաբանումը տվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի խոսքով՝ իրենք չեն կարող իրենց թույլ տալ առաջին նախագահին, նման պատկառելի ակադեմիական «բագաժ» ունեցողին և գիտնական մարդուն այդ կերպով հեգնել:

«Մենք հրավիրել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, հրապարակավ է այդ գաղափարը հնչել, դեռ փաստացի չենք հրավիրել, բայց պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի  դասավանդել մեր դպրոցում, բանախոսություն կարդա, հանդես գա իր տեսակետներով՝ երկու պատճառով. ինքնին հասկանալի է, որ առաջին նախագահի այցելությունը ցանկացած ուսումնական հաստատություն պատվաբեր է այդ ուսումնական հաստատության համար առաջինն այն պատճառով, որ, եթե հետևում ենք ամերիկյան, եվրոպական քաղաքական մշակույթին, ապա բազմաթիվ պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաներ աշխատանքը թողնելուց հետո զբաղվում են ակադեմիական աշխատանքով, դասավանդում են տարբեր բուհերում, հանդես են գալիս հրապարակային դասախոսություններով, հրապարակումներով, և այլն: Երկրորդ պատճառը նույնպես շատ եվրոպական է և ցիվիլ. կա համալսարանական, ակադեմիական ազատություն կոչվածը, որը արժեքներից մեկն է կրթության համակարգի համար, ակադեմիական ազատություն նշանակում է՝ չսահմանափակել կրթության բովանդակությունը, չենթարկել այն տարբեր գաղափարաբանական կաղապարներին, չզբաղվել գրաքննությամբ, ուստի անգամ այնպիսի հայացքներ ունեցող մարդիկ, որոնք կտրականապես կտարբերվեն մեր քաղաքական պլատֆորմից, մեկ է, այստեղ իրավունք ունեն դասավանդելու»,- նշեց Ա. Աշոտյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կարո՞ղ է գալ և խոսել ավազակապետությունից, որի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունի մեր հրավերը, կունենա նույնքան ակադեմիական ազատություն, որքան այստեղ ունի ցանկացած դասախոս»:

Ա. Աշոտյանը նշեց, որ իրենք պատրաստվում են պաշտոնապես հրավիրել Լ. Տեր-Պետրոսյանին՝ իրենց դպրոցում դասավանդելու, և իրենք ուրախ կլինեն, որ առաջին նախագահն ընդունի այդ առաջարկը՝ անկախ իրենց միջև եղած տարաձայնություններից:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս