Արման Թաթոյանը՝ դպրոցի տնօրենների՝ դատարան դիմելու մասին
Դատարան դիմելը մարդու իրավունքն է, և Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի միջամտելու դատական վարույթներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով այն մասին, որ 30 դպրոցի տնօրեններ, ում մասին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարել էր, որ ցուցակագրում են իրականացրել ՀՀԿ-ի համար, դատական հայց են ներկայացրել կազմակերպության դեմ։
Արման Թաթոյանն ասաց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակումից անմիջապես հետո արձագանքել է՝ նշելով, որ խիստ մտահոգող է, որ այդ պնդումները վերաբերում են դպրոցի տնօրեններին. իր համար կարևորը երեխաների կրթության իրավունքի ապահովումն է։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպության աշխատանքը կարևոր է, որովհետև նա հանրային վերահսկողություն է իրականացնում։ Հետևաբար՝ բոլոր պնդումները պետք է մանրամասն քննության առարկա դառնան։ Ես խիստ անթույլատրելի եմ համարում Դանիել Իոաննիսյանի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարի վերաբերյալ անձնական տվյալների հրապարակումը։ Գիտեմ, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Հիմա պետք է հետևողական լինել, ես նույնպես այս հարցում հետևողական եմ լինելու, որպեսզի հասկանամ, թե ինչ ընթացք է ստանում քրեական վարույթը կամ ինչ փուլում է»,- ասաց Արման Թաթոյանը։
Հարցին՝ արդյոք համաձա՞յն է այն տեսակետին, որ հայց ներկայացնելն ու գումարային փոխհատուցում պահանջելը քայլ է խոսքի ազատության դեմ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություններին ծանոթ եմ։ Համաձայն եմ, որ այստեղ որոշակի խնդիրներ կան, որովհետև մասնավորապես այդքան շատ հայց ներկայացնելը, նույն գումարի չափը, և այլն, և այլն, կարող են խնդիր առաջացնել ընկալման տեսանկյունից»։
Նա նշեց, որ աջակցում է քաղաքացիական հասարակությանը՝ իր կարգավիճակի խիստ սահմանները պահպանելով. նրա խոսքով՝ դատարան դիմելն անձի իրավունքն է, բայց խիստ անթույլատրելի կհամարի, եթե կազմակերպվածության նշույլ նկատվի։