Իվանկա Թրամփը՝ Սպիտակ տան առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխատակիցը. հարցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տան առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխատակիցն է ամերիկացիների շրջանում, ինչի մասին վկայում են Morning Consult ընկերության եւ Politico հրատարակության անցկացրած համատեղ հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 12-ին:
Հարցման համաձայն, դրա մասնակիցների 46 տոկոսը դրական է գնահատում Թրամփին, որը 2017 թվականի մարտին դարձել է Սպիտակ տան պաշտոնական աշխատակիցը: Հարցված ամերիկացիների եւս 36 տոկոսը բացասական է գնահատում Թրամփի խորհրդականի պաշտոնում նախագահի դստեր գործունեությունը:
Նաեւ հարցվածների 17 տոկոսը հարցին պատասխանի երեք տարբերակներից ընտրել է «երբեք չեմ լսել նրա մասին» կետը:
ԱՄՆ-ի նախագահի փեսային ու Իվանկայի ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, դրական է գնահատել հարցվածների միայն 27 տոկոսը, բացասական՝ 30 տոկոսը, եւս 42 տոկոսը «չի լսել նրա մասին»:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը նույնպես բարձր գնահատականների է արժանացել: Հարցված ամերիկացիների առնվազն 48 տոկոսը դրական է արտահայտվել նրա մասին, 34 տոկոսը՝ բացասական, մնացած 17 տոկոսը «երբեք չի լսել» ԱՄՆ-ի առաջին տիկնոջ մասին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 28 տոկոսը, 37 տոկոսն այն բացասական է գնահատում, իսկ 36 տոկոսը «երբեք չի լսել» նրա մասին: Հարցումն ապրիլի 6-9-ն անցկացվել է ԱՄՆ-ի 1988 քաղաքացիների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: