«Մայիսի 1-ից պարտադիր է դառնալու սպանդանոցային մորթը». Իշխան Կարապետյան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ներկայացրեց ծառայության կողմից վերջին վեց ամսում իրականացված և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ պետական վերահսկողության գործողությունների արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:
«ՍԱՊԾ-ն նախորդ վեց ամիսների ընթացքում իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր կարճաժամկետ միջոցառումները, որոնք հնարավորություն են տվել անհրաժեշտ բոլոր նախադրյալները ձևավորել սննդամթերքի անվտանգության բնագավառում արագ փոփոխություններ արձանագրելու համար»,- հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասում Իշխան Կարապետյանը՝ հավելելով, որ վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված ախտորոշման արդյունքում վեր են հանվել ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ.
«Ըստ առաջնայնության՝ դասակարգվել են այն խնդիրները, որոնց շարքին են պատկանում հաց-հացամթերք, միս-մսամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների նկատմամբ համապատասխան պայմանների կիրառումը, այս խնդիրը պահանջում է համակարգային լուծում»:
Իշխան Կարապետյանն անդրադարձավ նաև նախատեսվելիք նորամուծություններին, որը վերաբերելու է հացամթերքի և մսամթերքի տեղափոխմանը.
«Հաց և միս տեղափոխող ավտոմեքենաներին տրամադրվելու է սանիտարական անձնագիր։ Փաստաթղթերն այժմ գտնվում են ՀՀ արդարադատության նախարարությունում, որպեսզի գրանցվեն։ Սանիտարական անձնագիր չկիրառելու դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն»։
Մայիսի 1-ից պարտադիր է դառնալու նաև սպանդանոցային մորթը, որին անցումը ենթադրում է որոշակի վերլուծություններ, թե մսի իրացումը հիմնականում Հայաստանի որ տարածքներից և ինչ ծավալներով է կատարվում։ Այսօրվա դրությամբ բազայում գրանցված է 13 սպանդանոց, որոնք իրենց արտադրական հզորությամբ կարող են ապահովել ողջ ծավալը, սակայն կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհագրական դիրքի սփռվածությունը հաշվի առնելով՝ կարիք կա ունենալու ևս՝ Գեղարքունիքում՝ 8, Լոռիում՝ 4, Շիրակում՝ 5, Սյունիքում և Տավուշում՝ 3 սպանդանոց:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ տեսչական ծառայություններն ասոցիացվում են կուռուպցիայի հետ, բանախոսը պատասխանում է. «Ծառայությունում ներդրվել են վերահսկողության և կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք նվազագույնի են հասցնում կամ բացառում են կոռուպցիայի ռիսկերը։ Մենք կողջունենք ցանկացած նախաձեռնություն, որը միտված կլինի հասցեական և կոնկրետ բացահայտելու այն դեպքը, որը կվերաբերի նման դրսևորումներին»։