Բաժիններ՝

Տիբեթում գրանցվել է մարդու կողմից H7N9 թռչնագրիպով վարակման առաջին դեպքը

Տիբեթում գրանցվել է թռչնի գրիպ H7N9 վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-­ը, այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության և ընտանիքի պլանավորման պետական կոմիտեի Տիբեթի մասնաճյուղը:

Համաձայն տեղեկատվության` վարակվելու դեպքն արձանագրվել է Լհասա քաղաքում` 41-ամյա տղամարդու մոտ, ով Սիչուան շրջանից գնացել էր Տիբեթ 2017 թվականի փետրվարին և զբաղվում էր ընտանի կենդանի թռչունների վաճառքով: Նրա մոտ ախտանիշները հայտնվել են ապրիլի 2-­ին, իսկ ապրիլի 3-­ին բժիշկները հաստատել են տղամարդու օրգանիզմում թռչնագրիպի առկայությունը:

Իշխանությունները որոշում են կայացրել փակել այն շուկան, որտեղ տղամարդն առևտուր էր անում, ինչպես նաև դադարեցնել այդ շրջանում ընտանի կենդանի թռչունների վաճառքը: Ձեռնարկվում են պրոֆիլակտիկ միջոցներ վիրուսի տարածման դեմ:

Համաձայն Չինաստանի առողջապահության և ընտանիքի պլանավորման պետական կոմիտեի տվյալների` ձմռան ընթացքում երկրում H7N9 թռչնագրիպի զոհ է դարձել 160 մարդ, վարակվել են 458-­ը: H7N9 թռչնագրիպն առաջին անգամ արձանագրվել է Չինաստանում 2013 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս