«Փաստ է, որ ինչ-որ ընտրազանգված, ատելով ՀՀԿ-ին, ձայն է տվել նրան, որպեսզի Կարեն Կարապետյանը մնա վարչապետ». Կարեն Քոչարյան

«Ընտրությունների օրը տեղամասերում որևէ լուրջ բան չի գրանցվել։ Նորագույն տեխնոլոգիաների ներդրումն իր ազդեցությունն ունեցավ անգամ թաղի խուժանի վրա, որը սովորաբար ինչ-որ մի տեղ համը հանում էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նկատելով, որ թե՛ պարտված, թե՛ խորհրդարան մտած ուժերը փաստացի ընդունել են ընտրությունների արդյունքները։

«Անգամ ՕՐՕ-ն, միակ ուժը, որ հայտարարել է՝ սա ընտրություններ չէին, ձայների առք ու վաճառք էր, փաստացի ընդունել է արդյունքները։ Եվ հետընտրական պրոցեսներ փաստացի չեն լինելու, քանի որ ադեկվատ քաղաքական ուժերը հասկանում են, որ դրա համար բարենպաստ հող է պետք, հետընտրական զարգացումները չեն կարող ինքնանպատակ լինել։ Ընտրազանգվածը շատ լավ գիտի՝ ում ոնց է ընտրել, բողոք չկա, մարդիկ փողը վերցրել ու ընտրել են»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգը նկատեց՝ «Սասնա ծռերից» հետո իշխանությունը հասկացավ, որ պետք է ինչ-որ բաներ փոփոխել, ու բերեց Կարեն Կարապետյանին, որը, ըստ նրա՝ բավականին լուրջ ազդեցություն ունեցավ ՀՀԿ-ի ձայների վրա. «Բոլորս էլ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը շատ բարձր էր, ու ինչ-որ ընտրազանգված, ատելով ՀՀԿ-ին, ձայն է տվել նրան, որպեսզի Կարեն Կարապետյանը մնա վարչապետ. դա փաստ է»։

Լրագրողի հարցին՝ այս ընտրությունները չե՞ն նշանակում, որ ցանկացած մարդ` լինի դա հանցագործ թե մտավոր հետամնաց, կարող է փող բաժանելով ընտրվել պատգամավոր, նա պատասխանեց, որ դա միանգամայն հնարավոր է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս