«Սա ցույց է տալիս, որ մենք հպատակեցված ժողովրդի հետ գործ ունենք». Ավետիք Իշխանյանը՝ ընտրությունների մասին
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ընտրությունների ժամանակ որոշ դիտորդական կազմակերպություններ աշխատել են հստակ ուժերի օգտին:
Նա նշեց, որ «Լիարժեք կյանք» դիտորդական կազմակերպության դիտորդները հստակ աշխատում էին ՀՀԿ-ի օգտին, «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպությունն աշխատում էր ԲՀԿ-ի օգտին, «Միացյալ առաջնորդների պալատը»՝ ԲՀԿ-ի օգտին, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացները»՝ ՀՀԿ-ի օգտին, «Եվրասիական ինտեգրացիան»՝ ՀՀԿ-ի օգտին, «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտը»՝ ՀՀԿ-ի օգտին, «Մարզային նախաձեռնությունների կենտրոնը»՝ ՀՀԿ-ի օգտին:
«Ասեմ ավելին, մենք անընդհատ պնդում էինք, որ դիտորդներին ավելի շատ իրավունքներ տրվեն, բայց մենք մտածում էինք նորմալ դիտորդության մասին, մեր դիտորդների գրանցմամբ՝ այս դիտորդներն ունեցել են շատ ավելի մեծ լիազորություններ, քան նույնիսկ վստահված անձինք, և ուղղորդումը եղել է այս դիտորդների կողմից»,- նշեց Ա. Իշխանյանը:
Նա ասաց, որ գրեթե բոլոր տեղերում այդ դիտորդները և վստահված անձինք օգտագործել են՝ «Ախպերս, ոնց որ պայմանավորվել էինք» կարգախոսը:
Ա. Իշխանյանի գնահատմամբ՝ հաշվարկի ժամանակ հիմնականում խախտումներ չեն եղել, որոշ անհամաձայնություններ եղել են, բայց որևէ խախտում չի եղել. «Եթե նախկինում ընտրություններում լցոնումներ են եղել, քվեաթերթիկներն ուրիշ տեղ են դրել, շատ վատ է, ես դա չեմ ուզում արդարացնել, բայց դա նշանակել է, որ ուրիշ ճար չեն ունեցել, ժողովուրդը դեմ է եղել, իսկ սա ցույց է տալիս, որ մենք հպատակեցված ժողովրդի հետ գործ ունենք»: