
Բունդեսթագի թուրք պատգամավորները կոչ են արել «ոչ» քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին

Գերմանական Bild am Sonntag պարբերականը Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հարցրել է Բունդեսթագի թուրք ծագում ունեցող պատգամավորների տեսակետները:
Վերջիններս իրենց մեկնաբանություններում կոչ են արել Թուրքիայում պահպանել ժողովրդավարությունն ու ազատությունները: Սոցիալդեմոկրատական կուսակցության պատգամավոր Ջանսել Քըզըլթեփեն նշել է. «Բոլորս պետք է պաշտպանենք ժողովրդավարական արժեքները և մեր ձայնը բարձրացնենք հանուն խոսքի ազատության»:
Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզեմիրը, դիմելով գերմանաբնակ թուրքերին, ովքեր ևս ընտրելու իրավունք ունեն, կոչ է արել դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությանը`ասելով. «Այստեղ ձեր ունեցած ազատությունը մի խլեք Թուրքիայում գտնվող ձեր ընտանիքների ու ընկերների ձեռքից»:
«Ոչ» ասելու կոչ է արել նաև Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուն: «Այո» ասեք ժողովրդավարությանը` «ոչ» ասելով սահմանադրական հանրաքվեին»:
Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկությունն արդեն մեկնարկել է: Գերմանիայում գործընթացը սկսվել է մարտի 27-ից: Այստեղ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն Թուրքիայի 1 միլիոն 400 հազար քաղաքացի, ովքեր կարող են քվեարկել մինչև ապրիլի 9-ը Գերմանիայի 13 քաղաքում: