Ոստիկանության պատասխանը՝ Աղվան Վարդանյանին

ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն այսօր հայտնել է, թե Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի, Արագածոտնի մարզի Բյուրական և Փարպի գյուղերի ընտրական տեղամասերում տեղի են ունեցել իրավախախտումներ, և դժգոհել, որ ոստիկանները դրանք չեն կանխել, ու նրանց անելիքը լրագրողներն են անում: Իրականում պատկերն այլ է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ըստ նախնական տվյալների՝ Արագածոտնի Փարպի գյուղում տեղակայված 17/21 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորության թեկնածուի վստահված անձ Ա. Ա.-ի և նշված տեղամաս ընտրության եկած Ն. Գ.-ի միջև: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանության ծառայողներին, որոնք իրենց հատկացված սենյակից դուրս գալով՝ արդեն միջանցքում, ականատես են եղել վիճաբանությանը:

Ոստիկանության ծառայողի ահազանգով ընտրատեղամաս է ժամանել օպերատիվ խումբը և Ա. Ա.-ին ներկայացրել ոստիկանության բաժին, իսկ Ն. Գ.-ն արդեն հեռացած է եղել ընտրատեղամասից: Թե այդ ընթացքում, թե դրանից հետո ընտրությունները տեղամասում շարունակվել են բնականոն հունով: Նշված միջադեպի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:

Իսկ Արագածոտնի մարզի Բյուրական և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքների ընտրատեղամասերում իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության ծառայողները որևէ ահազանգ չեն ստացել: Համոզված, որ ՀՀ ԱԺ պատգամավորը և փորձառու քաղաքական գործիչը քաջատեղյակ է ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կցանկանայինք հավատալ, որ հանիրավի դժգոհությունը պայմանավորված է եղել այդ պահին կոնկրետ իրավիճակի մանրամասների չիմացությամբ:

Տեսանյութեր

Լրահոս