«Կունենանք լրիվ այլասերված հասարակություն, ծայրահեղ ցինիզմի հասած բնակչության մեծ զանգված և արտագաղթի հսկա ալիք». Վահան Արծրունի

Րոպեներ անց կավարտվեն Ազգային ժողովի 6-րդ գումարման համապետական ընտրությունները, որի արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին։ Երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձության ընթացքի վերաբերյալ 168.am-ը լսել է արվեստագետների տեսլականը՝ ի՞նչ է սպասում մեզ ժամեր անց՝ ընտրությունների ավարտից հետո:

Երաժիշտ Վահան Արծրունին կատարել է իր քաղաքացիական պատքը, չի բարձրաձայնում սեփական նախընտրության մասին,  սակայն   ընտրությունների ընթացքը լավատեսության հույսեր չի խոստանում.

«Դեռ բոլորի պես արձանագրում եմ օն-լայն հարթակում հրապարակվող բազմաթիվ խախտումները, ինչպես նաև՝ բնակչության ագրեսիայի աճ: Ոչ մի տարբերություն այս և նախորդ ընտրությունների մեջ չեմ տեսնում: Բոլորը  կատարվում են նույն ներքին տրամաբանությամբ, նույն մեթոդաբանությամբ և նույն առաջնորդվող լծակներով՝ սկսած քվեաթերթիկների տպագրությունից, վերջացրած ընտրակաշառք բաժանելուց և քարոզի արդեն քաջ հայտնի մեթոդներով… Տեսնում ենք  նույն մտավորականների վազքը՝ ճամբարից ճամբար, նույն քաղաքական գործիչների վազքը՝ էս կուսակցությունից՝ էն կուսակցություն, ցինիզմ, ակնհայտ դեմագոգիա և  ազգային ծրագրի զարգացման  ամենաանհեթեթ տարբերակներ: Ակնհայտ փաստ է, որ մենք կունենանք, բառիս բուն իմաստով,  լրիվ այլասերված հասարակություն, ծայրահեղ ցինիզմի հասած բնակչության հսկայական մեծ զանգված, իսկ ամենասպասվող արդյունքներից մեկը, իմ պատկերացմամբ, կլինի արտագաղթի հսկա ալիքը»:

Լուսանկարը՝ style.arka.am-ի

Տեսանյութեր

Լրահոս