Բաժիններ՝

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախորդ տարվա ապրիլից հետո մի շարք փոփոխություններ է արձանագրում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ցավով ու հպարտությամբ է արթնացել այսօր: Այս մասին Եռաբլուրում ապրիլյան պատերազմի զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:

«Ցավով, որ չկարողացանք կանխել և զոհեր ունեցանք, բայց նաև հպարտությամբ, որ այսօրվա սերունդը կարողացավ ապացուցել, որ ինքը տերն է այս երկրի, և առաքելությունը, որ պետք է կատարի մեր երկրի պաշտպանության համար, կատարել է պատվով»,-­ Եռաբլուրում ապրիլյան պատերազմի զոհերի, Մոնթեի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը։

Հարցին, թե ապրիլից հետո ի՞նչ է փոխվել, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, որ շատ բան է փոխվել մեկ տարվա ընթացքում` իրավիճակի գնահատումը, հակառակորդի գործողությունների բացահայտումը և դրան ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Նրա խոսքերով՝ այսօր հասարակության մեջ փոխվել է այն մտավախությունը, որ միայն ավագ սերունդը կարող է հաղթել: Հակոբյանի դիտարկմամբ` այսօրվա սերունդն ավելի լավ է կատարում իր պարտականությունը, քան իրենք են կատարել:

Մովսես Հակոբյանը նաև ասաց, որ Ադրբեջանը, սկսած 1988 թվականից, երբևէ չի փորձել չհոխորտալ:

«Նրանց քաղաքական ղեկավարությունը միշտ սպառնում է Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, բայց ի պատիվ մեր ժողովրդի, շնորհիվ այն տղաների, ովքեր Եռաբլուրում են, երբևիցե դա հակառակորդին չի հաջողվել ու կարծում եմ, որ հետագայում էլ չի հաջողվի»,­- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս