«Երևանը հասունացնում է Արևմուտքի հետ հարաբերությունները, որպեսզի դրանից հետո Մոսկվայի հետ երկխոսությունն ավելի «աշխույժ» լինի»․ Տրոֆիմչուկ
«Հայաստանն ապագա աշխարհում իր ճանապարհներն է փնտրում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցին։
Հիշեցնենք, որ ըստ ռուսական մի շարք ԶԼՄ-ների՝ Սերժ Սարգսյանի երկօրյա այցը նախատեսվում է մարտի 14-ին, որի ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող ակտուալ հարցեր։ Ըստ ռուսական «Իզվեստիա» պարբերականի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լինելու է քննարկվելիք ամենակարևոր թեմաների ցանկում։
Նա նշեց, որ քննարկվելու է ավանդական, «ինչ-որ տեղ՝ նաև հայ-ռուսական հարաբերությունների համար ձանձրալի սպեկտր», այդ թվում՝ տնտեսական, ինտեգրացիոն համագործակցություն, և այլն։ Ըստ ռուս վերլուծաբանների՝ փորձագետներն այստեղ ակնկալում են սենսացիաներ միայն այն պատճառով, որ նրանց թվում է, թե սենսացիաներ պարզապես չեն կարող չլինել, որ չեն կարող չլինել բեկումնային որոշումներ և հայտարարություններ, քանի որ իրավիճակը Հայաստանի շուրջ ո՛չ ստանդարտ է, ո՛չ շարքային։
«Հատկապես՝ Ղարաբաղում թույլ կերպով շարունակվող պատերազմի և ՀՀ-Արևմուտք՝ ԵՄ, ՆԱՏՕ, հարաբերությունների ակտիվացման ֆոնին՝ բարձրաստիճան քննարկումների ամենակարևոր թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, Հայաստանում նախընտրական իրավիճակը կլինի, քանի որ այս երկրում շատ բան է կախված քաղաքական իրավիճակի կայունությունից։ Բացի դրանից, ինչպես միշտ, խոսակցություն կծավալվի վարկերի և գումարների մասին։ Չի կարելի չասել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Մոսկվա այցերի մեկ այլ կարևոր բնույթի մասին. դա ֆորմալ հավասարակշռության պահպանումն է»,- ասաց Տրոֆիմչուկը։
Նա արձանագրեց, որ Հայաստանն իսկապես վերականգնում է հարաբերություններն Արևմուտքի հետ, քանի որ գլոբալ իրավիճակը զարգանում է, և ԱՄՆ դիրքորոշումն այս ֆոնին մեծապես որոշակիացել է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը և նրա գործընկերները Վաշինգտոնի հետ էական հարաբերությունների հույսեր չպետք է ունենան։ Ուստի, ըստ Տրոֆիմչուկի, Հայաստանն ապագա աշխարհում իր ճանապարհներն է փնտրում, որի համար սկզբունքորեն դժվար է Երևանին մեղադրել, քանի որ Հայաստանն ինքնիշխան երկիր է։
«Ու եթե ինքը՝ Ռուսաստանն է ձգտում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերականգնման, ապա ինչո՞ւ Հայաստանը նույնը չի կարող անել։ Եվ եթե ՆԱՏՕ-ն այս կամ այն պահին սառեցնում է իր հարաբերությունները Մոսկվայի հետ, միաժամանակ և ավտոմատ կերպով այդ հարաբերությունները չեն կարող սառել նաև Երևանի հետ։ Բնականաբար, Երևանն ու Մոսկվան կապված են այլ, սեփական ռազմաքաղաքական բլոկով՝ ՀԱՊԿ-ով։ Բայց Երևանը բազմաթիվ անգամներ է հստակորեն ցույց տվել, որ իր կարծիքով՝ այդ բլոկն իր գլխավոր գործառույթները չի իրականացնում, մասնավորապես, երբ հարցը ՀԱՊԿ անդամ Հայաստանի պաշտպանությանն է վերաբերում։ Ուստի Հայաստանի արշավը դեպի Արևմուտք շարունակվելու է։ Արևմուտքը, մասնավորապես՝ Եվրոպական միությունը, գործում է բավականին նրբանկատ և իմաստուն։
Տեսնում ենք, որ Բրյուսելը Երևանին առաջարկեց ոչ թե եվրաասոցիացում, որը հանգեցրեց ուկրաինական պատերազմին, այլ՝ «շրջանակային համաձայնագիր». Գործի էությունը դրանից չի փոխվում, այնինչ ամեն ինչ արվել է, որպեսզի Մոսկվան չկարողանա Երևանին դժգոհություններ ներկայացնել, ինչպես ժամանակին Կիևի դեպքում եղավ։ Սակայն շրջանակային համաձայնագիրն ու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն արդեն լուրջ փաթեթ է։
Կարծում եմ, որ Երևանը հասունացրել է այդ հավասարակշռությունը, որպեսզի դրանից հետո Մոսկվայի հետ երկխոսությունն ավելի «աշխույժ» լինի, այդ թվում՝ ֆինանսների տեսանկյունից, որոնք անվերջանալի տնտեսական ճգնաժամի պայմաններում օբյեկտիվորեն վերջանում են։ Նույնիսկ՝ ոչ այնքան էժան վարկերի պարագայում։ Եվ ամենակարևորը, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանի Եվրոպա կատարած այցի հարցում ռուսական տեսանկյունից այն է, որ շատ ռուս հետազոտողներ իմացել են այդ ոչ շարքային այցի մասին պատահականորեն, միայն այն ժամանակ, երբ այցը կայացավ, քանի որ Ռուսաստանում այդ այցն ըստ էության չլուսաբանվեց։
Եվ դա խոսում է Մոսկվայի դիրքորոշման մասին, որն այս դեպքում կարող էր իրեն դրսևորել մի փոքր այլ կերպ, ուղիղ ասենք, ավելի ուժեղ՝ մեկնաբանելով իրավիճակն այնպես, ինչպես կա։ Չթաքնվելով դրանից։ Մոսկվային անհրաժեշտ է արդեն ներկայումս սեփական դիրքորոշումն ունենալ Արևմուտքի ուղղությամբ՝ Հայաստանի շրջանակային ակտիվության հարցում։ Բայց ոչ այնպիսին, ինչպիսին 2013թ․ Ուկրաինայի դեպքում»,- նշեց Տրոֆիմչուկը։