«Ռեալի» շարքային նվերը՝ սկանդալի պատճառ
Իսպանիայի առաջնությունում շարունակվում են մրցավարների շուրջ ստեղծված սկանդալները: Այս անգամ թիրախում Խեսուս Մանսանոն է, ում մեղադրում են Մադրիդի «Ռեալից» կաշառք վերցնելու մեջ:
Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ
Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հրաշալի քամբեք իրականցրեց և 2-0 պարտվելուց հետո կարողացավ 3-2 հաշվով հաղթել «Վիլյառեալին»: Խաղի ընթացքում նկատվեց վիճելի դրվագ, երբ ձեռքով խաղի պատճառով մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Շատերի կարծիքով այստեղ չկար 11 մետրանոց և սա մրցավարական կոպիտ սխալ էր:
Խաղից հետո «Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ռոիգը դժգոհել է մրցավարներից և նշել է, որ տեսել է թե ինչպես են մրցավարները մարզադաշտից հեռացել մադրիդցիների նշանով պայուսակներով:
Ռոիգը նշել է, որ յուրաքանչյուրը, ով հասկանում է ֆուտբոլից կհասկանար, որ այդ դրվագում չկար 11 մետրանոց, այնպես որ այստեղ մի բան այն չէ և պետք է քննություն իրականացվի:
Այս թեմային անդրադարձել է նաև կատալոնական «Բարսելոնայի» մամուլի խոսնակ Խոսեպ Վիվեսը, ով նշել է, որ նման իրավիճակը տարօրինակ է, քանի օր կատալոնացիները չունեն մրցավարներին նվերներով ճանապարհելու սովորություն: Մինչ այդ իսպանական մամուլը այս թեմայով գրում էր, որ մի շարք ակումբներ սովորություն ունեն նվերներ տալ մրցավարներին, որոնց մեջ ներառված է ֆուտբոլիստների ստորագրությամբ շապիկներ, գրիչներ, դրոշներ կամ գնդակներ: Գուցե այս խնդիրը այքան չքննարկվեր, եթե չլիներ առաջին դեպքը, երբ Իսպանիայում խոսում են մրցավարների խայտառակ սպասարկումից:
Mundo Deportivo-ն հետազոտություն էր իրականացրել, որի նպատակն էր պարզել, թե որ թիմերին են ամենից շատ օգնում մրցավարները: Մասնավորապես ուսումնասիրվել են Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները: Հետազոտությունը ցույց է տվել, որ Լա Լիգայում մրցավարներն ավելի շատ օգնում են մադրիդյան ակումբին:
Ըստ պարբերականի, մրցավարի կայացրած սխալ որոշումների արդյունքում մադրիդյան ակումբը ստացել է 8 միավոր: Մրցավարը չի նկատել, օրինակ, խաղից դուրս իրավիճակը, որը եղել է «Սելտայի» հետ խաղում Ալվարո Մորատայի գոլի ժամանակ: Խաղից դուրս վիճակը չի նկատվել նաև «Մալագայի» հետ խաղում Ռամոսի գոլի դեպքում: Մյուս սխալները եղել են «Էսպանյոլի» և «Դեպորտիվոյի» հետ խաղերում:
Կատալոնական «Բարսելոնան» մրցավարների շնորհիվ վաստակել է մի միավոր և կորցրել է 4 միավոր: Մրցավարական սխալներ նկատվել են «Սելտայի», «Մալագայի» և «Վիլյառեալի» հետ խաղերում:
Սիրարփի Աղաբաբյան