«Մենք ցանկացած պահի պետք է սպասենք ռազմական գործողությունների». Ստեփան Գրիգորյան

«Նախորդ տարվա ապրիլից մենք գտնվում ենք ռազմական իրավիճակում, այսինքն՝ չենք կարող ասել, թե մեկ տարի առաջ պատերազմ է եղել, ավարտվել, և հիմա հանկարծ ինչ-որ պայթյուն եղավ: Վերջին ամիսներին անընդհատ լարվածություն կա. ադրբեջանական կողմը կամ դիվերսիոն խմբեր է ուղարկում, կամ ակտիվորեն դիպուկահարներ է օգտագործում:

Այսինքն՝ մենք գտնվում ենք պատերազմի սկզբնական շրջանում»,- այսօր «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման ներքին և արտաքին գործոնները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս ամենի հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս-քվոն, դրա համար էլ հրաժարվում է բանակցային գործընթացներից ու Հայաստանի առջև նախապայմաններ դնում.

«Ասում են՝ դուք պետք է ազատեք տարածքները, հետո նոր ձեզ հետ կխոսենք: Այսինքն՝ Ադրբեջանը փոխել է ղարաբաղյան հարցի լուծման իր կոնցեպտը: Իսկ այս վակուումը, որ չկան բանակցություններ, ինչո՞վ պետք է լրացնել. լրացնում են ռազմական գործողություններով»:

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, ապա, նրա կարծիքով՝ ամենակարևորը բանակի հզորացումն է: Ստեփան Գրիգորյանն ընդգծեց.

«Մենք ցանկացած պահի պետք է սպասենք ռազմական գործողությունների: Ադրբեջանը պատերազմում է բոլոր ուղղություններով. Լապշինի, Եվրախորհրդարանի պատգամավորների հետ կապված հարցերը շատ լուրջ խնդիրներ են: Սա իզոլյացիա է ԼՂ-ի նկատմամբ, շանտաժ այն մարդկանց նկատմամբ, որոնք կայցելեն Արցախ»:

Նա հավելեց, որ Ադրբեջանն այդքան էլ չի մտածում իր կողմից ունեցած մարդկային կորուստների մասին, այլ իրականում ադրբեջանական կողմն իր գործողություններով փորձում է պարզել, թե որքանով է լավ զինված հայկական կողմը:

Տեսանյութեր

Լրահոս