«Բոլոր այն թյուր ընկալումները, թե ձեզնից որևէ բան կախված չէ, բացարձակապես ծուլության, անվստահության և ստրուկի հոգեբանության արդյունք են». Ռուբեն Բաբայան

«Որ ասեմ՝ կարգախոսների մեծ մասնագետ եմ ու շատ լուրջ եմ վերաբերվում դրանց՝ ստած կլինեմ»,- ասում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի, առաջիկա ընտրությունների, քարոզարշավի, ինչպես նաև՝ կուսակցությունների և դաշինքների որդեգրած կարգախոսների շուրջ հրավիրված քննարկման ընթացքում:
Ռուբեն Բաբայանը համոզված է՝ կարգախոսների և ռեալ կյանքի միջև հսկայական տարբերություն կա.

«Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն վիճակը, որն այսօր տիրում է մեր երկրում: Մենք այնքան ենք տարվել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը քննադատելով, որ բացարձակապես մոռացել ենք հասարակությանը, նրա հետ աշխատելու բարոյականությունը: Ոչ թե միայն հերթեր են կանգնում փող բաժանելու, այլ հերթեր են կանգնում փող ստանալու համար, և, որ ամենասարսափելին է, բոլոր կողմերից արդարացում է գնում այս երևույթի առնչությամբ՝ կարելի է և վերցնել, իսկ ինչո՞ւ ոչ…

Բացասական երևույթների արդարացումը դարձել է մեր կյանքի գլխավոր թեզը՝ մարդը չունի մեկ շաբաթվա ուտելու կամ երեխայի ուսման դիմաց վճարելու գումար, հետևաբար՝ նա իրավունք ունի կաշառք վերցնելու… Բարոյականությունը սկսել է բաժանվել սոցիալական կարգավիճակների՝ գտնվելով դիմադիր կամ ընդդիմադիր ճամբարներից որևէ մեկի մեջ: Սա վտանգավոր է: Երբ մենք մեր մեղքերի պատճառը փնտրում ենք մեզնից դուրս, մենք զրկում ենք մեզ ավելի լավ ապրելու հնարավորությունից՝ փնտրելով մեր փրկությունը մեզնից դուրս: Ասում ենք՝ թող լինի լավ իշխանություն, և ես կլինեմ ավելի լավը, չես լինի ավելի լավը, երբե՛ք: Մենք մեր ներսից ենք դադարել փոխվել դեպի լավը»:

Ռուբեն Բաբայանին շատ է անհանգստացնում հասարակության մեջ վերջերս լայն տարածում գտած՝ «մեզնից որևէ բան կախված չէ» արատավոր երևույթը.

«Նման գաղափարով առաջնորդվող մարդկանց ես կուզենայի ասել՝ եթե ձեզանից որևէ բան կախված չլիներ, ձեզ գումար չէին առաջարկի, ուրեմն բոլոր դեպքերում ձեզ հետ հաշվի են նստում: Ա՛յ հիմա ձեզ հարց տվեք՝ եթե ձեզ հետ հաշվի են նստում, ապա դուք ինքներդ ինչպե՞ս եք հաշվի նստում ձեզ հետ՝ վաճառելով ձեզ որոշակի գումարով, թե հասկանալով ինքս ինձ՝ փորձում եմ գնահատել՝ ուրեմն իմ ձայնն ինչ-որ բան կարող է փոխել: Հետևաբար՝ բոլոր այն թյուր ընկալումները, թե ձեզնից որևէ բան կախված չէ՝ սուտ է, բացարձակապես ծուլության, անվստահության և ստրուկի հոգեբանության արդյունք է, որովհետև միայն ճորտն է մտածում՝ ինձնից ոչինչ կախված չէ»:

Այնուամենայնիվ, անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և դաշինքների կարգախոսների թեմային՝ Ռուբեն Բաբայանը նկատում է.

«ԱՄՆ Սահմանադրության մեջ հրաշալի մի կարգախոս կա՝ «Ազատություն յուրաքանչյուրին, կրթություն բոլորին»: Սա շատ ճիշտ բան է, թեև, իհարկե, դժվար է սրան հասնել: Մեր այսօրվա կարգախոսների մեջ որևէ մեկը հիշո՞ւմ է կրթության մասին. ո՛չ: Ամենացավոտ, ամենաահավոր ու անտեսված կողմը մեր կյանքի դարձել է կրթությունը: Անկիրթ հասարակության պայմաններում մենք երբեք չենք ունենա քաղաքակիրթ, զարգացած պետություն: Սա միանշանակ է: Միայն կրթված մարդիկ կարող են և իրավունք ունեն բարձր պահանջներ ներկայացնել՝ փոխարենը վազելու 5000 կամ 10000 դրամի հետևից: Միայն բարձր կրթական ցենզ ունեցող հասարակությունը կարող է պայքարել և ստեղծել իսկապես նորմալ պետություն»:

Տեսանյութեր

Լրահոս