«Հայկական կողմը կարող է «Իսկանդերներն» օգտագործել». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համոզված է, որ ելնելով ներքաղաքական զարգացումների առանձնահատկություններից՝ միակ լուրջ ֆորսմաժորային իրավիճակը, որը կարող է փոխել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և եղած սպասումները նախընտրական Հայաստանում, կարող է լինել նոր սրացումն արցախյան գոտում:

«Կախված իր արդյունքներից՝ դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ ներքաղաքական զարգացումների և ընտրական գործընթացի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը կարող է մտածել, որ այս պահին Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ավելի քան հարմար առիթ են՝ վերսկսելու ռազմական գործողություններն ու դրանով չափից ավելի դիվիդենտներ ստանալ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ապա քաղաքագետը չի կարծում, որ ինչ-որ ինտրիգներ ու անակնկալներ կլինեն. «Արդեն տեսանելի է, որ ներքաղաքական դաշտում մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխող կուսակցությունն ու նրան սատարող ուժերը բավական ակտիվ օգտագործում են ադմինիստրատիվ և քարոզչական ռեսուրսները, իսկ ընդդիմադիր կամ չափավոր ընդդիմադիր դաշտը, չէի ասի, թե ի վիճակի է ինչ-որ քաղաքական ալիք առաջացնել, որը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Իհարկե, մենք մոտակա շաբաթների ընթացքում կլսենք բոլոր հնարավոր և անհնարին հայտարարություններ, մեղադրանքներ, դա այդ մի ամսվա առանձնահատկությունն է, բայց ես չեմ կարծում, որ արդյունքները այդքան էլ զարմանալի լինեն հասարակության համար»:

Ս. Մինասյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն տեսանելի առավելություն ունի. «Իսկ ընդդիմադիր դաշտը բավականին պառակտված է, և ակտիվություն էլ այս պահին չկա»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով արցախյան խնդրին՝ քաղաքագետն ասաց, որ կախված զարգացումների դինամիկայից, ընթացքից՝ հայկական կողմը կարող է «Իսկանդերներն» օգտագործել. «Հայկական կողմը կարող է կանխարգելիչ հարվածներ հասցնել, կամ կախված զարգացումներից՝ կարող է ավելացնել նաև կիրառվող զինատեսակների տրամաչափն ու հնարավորությունը: Դա կախված է ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումից և այն մոտեցումներից, թե արդյո՞ք հայկական կողմը մտադիր է ինչ-որ պասիվ զսպման ռազմավարություն իրագործել, թե՞ հնարավոր է՝ գնա կանխարգելիչ գործողությունների՝ կիրառելով «Իսկանդերը» և այլ հեռահար զինատեսակներ»:

Տեսանյութեր

Լրահոս