«Ես ընդամենը կարող եմ հույս հայտնել, որ երբեք ձեզ մոտ հարց չի առաջանա՝ «ո՞ւր է Լևոն Յոլյանը»». Լևոն Յոլյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ նախորդ տարիներին բազմաթիվ են եղել դեպքերը՝ համոզվելու համար, որ Վերահսկիչ պալատը չի եղել անկախ, պետական մարմին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկել է Լևոն Յոլյանի թեկնածությունը:
«Պատահական չէր, որ այս դահլիճում ինչ-որ մի ժամանակ թևածում էր մի հարց՝ «ո՞ւր է Իշխան Զաքարյանը»: Այդ հարցն այս դահլիճում մի քանի անգամ հնչեցվեց, որովհետև մի քանի համարձակ ելույթներից, հաշվետվություններից, աղմկալից քաղաքական գործընթացներից հետո Իշխան Զաքարյանն այլևս այս դահլիճ չէր գալիս: Այստեղ հարց է ծագում՝ ձեր մասին այդ հարցը հնչելո՞ւ է՝ «ո՞ւր է Յոլյանը»: Իշխան Զաքարյանի դեպքում մենք իմացանք՝ ինքն ուր է, ինքը հիմա «Ծառուկյան» դաշինքի երկրորդ համարում է, ձեր դեպքում կարո՞ղ է չհնչի այդ հարցը, որովհետև դուք չեք գա համարձակ հաշվետվություններ կարդալու»,- դիմելով Լ. Յոլյանին՝ հարցրեց Լ. Զուրաբյանը:
Ի պատասխան՝ Լ. Յոլյանն ասաց. «Ես ընդամենը կարող եմ հույս հայտնել, որ երբեք ձեզ մոտ հարց չի առաջանա՝ «ո՞ւր է Լևոն Յոլյանը», ուր էլ որ լինեմ, ձեզ անձամբ տեղյակ կպահեմ»: