«Դուք կունենա՞ք քաղաքական կամքը, թույլտվությունը, համարձակությունը». Արամ Մանուկյանը՝ Լևոն Յոլյանին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու հարցը: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է նշանակել Լևոն Սուրենի Յոլյանին:

Լ. Յոլյանն իր ելույթում նախ՝ նհիշեցրեց, որ Վերահսկիչ պալատն այսուհետ կոչվելու է Հաշվեքննիչ պալատ: Նրա խոսքով՝ այդ կառույցը մեծ դեր է ունենալու հանրային կառավարման գործընթացում, ինչը կբարձրացնի հանրային ռեսուրսների արդյունավետությունը: Լ. Յոլյանը նշեց, որ Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները չեն կարող լինել քաղծառայողներ, ինչը պալատին կտա պետական համակարգից ավելի անկախ գործելու հնարավորություն.

«Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները պետք է պահեն իրենց քաղաքական չեզոքությունը: Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում միշտ պատրաստ կլինեմ հարցերի համընդհանուր քննարկմանը և արդյունավետ լուծումներ գտնելուն: Կողմնակից եմ, որ Վերահսկիչ պալատը ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործունեություն ծավալի»:

ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց Լ. Յոլյանին. «Մեր տնտեսության խայտառակ մենեջմենթի պատճառով՝ ձախողումներ ունենք բոլոր բնագավառներում: Դուք մտնում եք մի դաշտ, որտեղ մարդ կշփոթվի՝ ո՞ր ծայրից բռնի, որ հաջողություն արձանագրի: Ո՞րն է լինելու ձեր քաղաքական մոտեցումը՝ որ ծայրից բռնել, որտեղ լույս գցել, որ տեսնենք՝ ինչ է կատարվում: Դուք կունենա՞ք քաղաքական կամքը, թույլտվությունը, համարձակությունը՝ մտնել ու ինչ-որ բան կարգավորել: Բոլորս գիտենք՝ ինչ է կատարվում այս համակարգում: Հասարակության մեջ բաց մնաց՝ Իշխան Զաքարյանը գործուղմա՞ն է, թե՞ Իշխան Զաքարյանը դեմարշ է արել իշխանություններին, մտել է քաղաքական պայքարի մեջ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում ձեր համակարգում, ինքը գնա՞ց, թե՞ կարող է հետագայում փոխատեղում լինի»

Ի պատասխան՝ Լ. Յոլյանն ասաց. «Բնականաբար, բավականին լուրջ  ուսումնասիրություն պետք է կատարվի ռիսկերի գնահատման առումով, և ըստ ռիսկայնության՝ Վերահսկիչ պալատն իր գործունեությունը կազմակերպի»:

Նա ասաց, որ էներգետիկայի նախարարի պաշտոնից հեռացել է բավարարվածության ու գոհունակության զգացումով: Նա Իշխան Զաքարյանի վերաբերյալ հարցին չպատասխանեց: Լ. Յոլյանի խոսքով՝ ինքը որևէ կուսակցության անդամ չէ և կարծում է՝ Վերահսկիչ պալատի անդամը չպետք է քաղաքական որևէ կուսակցության անդամ լինի:

Տեսանյութեր

Լրահոս