«Այս պահին հայ-ադրբեջանական կողմերը պատրաստվում են հնարավոր ընդհարմանը». Սերգեյ Մինասյանը

«Մենք տեսնում ենք, որ հատկապես արցախյան սահմանագծում լարվածությունը բավականին ավելանում է, ինչը կանխատեսելի էր: Այն, ինչ տեղի ունեցավ շաբաթ օրը, դեռ չի նշանակում, որ այն սպասվող լարվածության իրական աստիճանն էր, որը տեսանելի ապագայում տեղի կունենա: Ադրբեջանական կողմը սխալ հետևություններ էր ապրիլյան դեպքերից ու շարունակելու է այդ լարվածության փորձերը տարբեր մակարդակի ռազմական ինտենսիվությամբ, մինչև տեղի չունենան որոշ իրադարձություններ, որից հետո ադրբեջանական ղեկավարությունը արդեն կանի ճիշտ հետևություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ ընդգծելով, որ այս պահին կողմերը պատրաստվում են հնարավոր ընդհարմանը:

«Կողմերը փորձում են ավելացնել զգոնությունը, նաև նոր միջոցներ են օգտագործում՝ տեխնիկայի և մարտավարության առումներով, ու այս ամենը վկայում է այն մասին, որ եթե ոչ լայնամասշտաբ, ապա ապրիլյան սրացման նման սրացման հավանականությունը բավականին մեծ է: Դրա ֆոնի վրա մենք տեսնում ենք նաև, որ միջազգային հանրությունը բավականին պասիվ է. երեկ ՄԽ համանախագահներն արեցին նոր հայտարարություն, որը, ցավոք սրտի, մոտավորապես նույն ոճի էր, ինչ տարեսկզբին հայ-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած դեպքերից հետո:

Այդ հայտարարության մեջ իրարամերժ երկու մտքեր են արտահայտվում. մի կողմից նշվում է, որ կողմերն են իրար մեղադրում սրացման մեջ, մյուս կողմից՝ կոչ է արվում՝ հնարավորություն տալ դուրս բերել զոհված ադրբեջանցի դիվերսանտների դիակները»,-ասաց նա՝ նկատելով, որ ՄԽ նմանատիպ հայտարարությունն ինչ-որ տարակուսանք է առաջացնում:

Քաղաքագետի խոսքով՝ բանակցային գործընթացում դրական տեղաշարժի սպասելիքներ չենք կարող ունենալ. «Մինչև ապրիլյան պատերազմի նման սրացումներ չեն լինում՝ ղարաբաղյան իրադարձությունները չեն դառնում միջազգային հանրության քննարկման առարկա»:

Տեսանյութեր

Լրահոս