«Պահանջելու ենք` այդ փոխնախարարին ազատել աշխատանքից». Հրաչ Բերբերյան

«Մենք դիմել ենք կառավարությանը, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն լոլիկի արտադրությունը վերականգնելու համար. մորմազգիների դեմ պայքարից սկսած՝ մինչև ցանքատարածությունների ավելացումը: Դիմել ենք նաև կարտոֆիլի սերմացուի լուրջ քանակություն ներկրելու համար, քանի որ ֆերմերներն ի վիճակի չեն այս տարի այդ քանակը ներկրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ ամեն տարի Հայաստանին անհրաժեշտ է 4-5 հազար տոննա սերմի թարմացում:

«Վերջին 2 տարում 3 հազար տոննա ենք ներկրել, այսինքն՝ ինքնըստինքյան սերմաթարմացումը ետ է ընկնում: Ֆերմերներն ինչքան կարողանում են, այդքան էլ անում են: Այստեղ էլ է պետք պետության հովանավորությունը: Վարչապետն ասում է՝ գիտե՞ք ինչ, լավ ներդրումներ ասեք, որը երկրին օգուտ կտա. ասում ենք: Հիմա ո՞րն է լավ՝ մեր գումարը գնա Թուրքիա, Թուրքիայից կարտոֆիլ գա՞, թե՞ մենք մեր կարտոֆիլն արտահանենք Ռուսաստան: Եկեք՝ հասկանանք, թե այս երկիրն ուր ենք տանում»,-հավելեց նա:

Հարցին՝ վարչապետն այս խնդիրներին ի՞նչ լուծում է առաջարկել, նա պատասխանեց. «Երկու գրություն է եղել. մեկից դժգոհ ենք, քանի որ մորմազգիների դեմ պայքարի վերաբերյալ փոխնախարար Աշոտ Հարությունյանը զանգել-կանչել է մեզ՝ քննարկելու: Ասում եմ՝ տղա ջան, ի՞նչն ես քննարկելու, մասնագետ չունե՞ս, որ մեզ ես կանչում: Այսինքն՝ գյուղատնտեսության մասնագետները մորմազգի ցեցի դեմ պայքարին դեմ են, ուզում են, որ լինի Հայաստանում: Եթե մեր պատասխանը բացասական եղավ, պահանջելու ենք` այդ փոխնախարարին ազատել աշխատանքից»:

Բերբերյանն ընդգծեց՝ նախարարը երկու ձեռքով կողմ է, որ այս պայքարը սկսեն. «Փոխնախարարն ինչո՞ւ է դեմ, ես չեմ հասկանում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս