Սամվել Ֆարմանյանը բողոքեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններից. «Ադրբեջանը դրանք որպես ծխածակույթ է օգտագործում»

«Զարմացած եմ ԱԺ-ի արձագանքների վրա, չէ՞ որ անվտանգության խնդիրներից կարևոր այլ բան չկա»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ Լ. Զուրաբյանն առաջարկում է ԱԺ փակ նիստ հրավիրել և քննարկել ռազմական դրության հետ կապված հարցեր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ պետք է հասկանա, թե այդ փակ նիստում ինչ են անելու, նոր պատասխանի:

«Եթե մեր առաջարկը չեք ընդունում, ուրեմն՝ եզրակացնում ենք, որ նախընտրական թոհուբոհը սույն ԱԺ-ի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան անվտանգության խնդիրները»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ անվտանգության խնդիրները մեծ նշանակություն ունեն ԱԺ նախագահության համար, սակայն փակ նիստ հրավիրելու համար  պետք է ձեռնարկեն գործընթաց, պետք է ներկայացվի նախագիծ, որ հասկանալի լինի, թե ինչ են ուզում քննարկել այդ փակ նիստում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ևս ընդգծեց անվտանգության հարցերի կարևորությունը. «Ես ցանկանում եմ նաև իմ մտահոգությունն արտահայտել միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի վերաբերյալ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի  հայտարարությունը՝ կապված սահմանային վերջին լարման հետ,  այն պարագայում, երբ հայկական զինված ուժերը ներկայացրել են բոլոր հնարավոր փաստարկները, որոնք հուշում են, թե կողմերից որն է խախտել հրադադարի ռեժիմը, որն է ձեռնարկել ռազմական էսկալացիայի փորձ, այդուհանդերձ, արձագանքը մնում է ոչ համարժեք ստեղծված իրավիճակին և հարցեր է առաջացնում:

Մենք պետք է կարողանանք միջազգային  միջնորդներին, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, տեղ հասցնել այն ճշմարտությունը, որ նման անհամարժեք, կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, բացի այն, որ Ադրբեջանը դրանք որպես ծխածակույթ է օգտագործում իր հերթական  ապակառուցողական ձեռնարկների համար»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս