«Իմ տղան ծառայության ենթակա չէ, հերիք է տանջեն»
Հոսպիտալում վիրահատված զինվորը արձակուրդ է եկել ու վատացել:
Ժամկետային զինծառայող Հուսիկ Կիրակոսյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատացել: Նրան տեղափոխել են Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: «Ասպարեզն» արդեն երկու անգամ անդրադարձել է Գյումրիում բնակվող Հուսիկ Կիրակոսյանի առողջական խնդիրներին, ով Ջեբրայիլի զորամասերից մեկում է ծառայում: Զիծառայողի մայրը՝ Ալվարդ Կիրակոսյանը, «Ասպարեզին» տեղեկացրել է, որ որդին արձակուրդ է եկել, բայց փետրվարի 21-ին չի վերադարձել զորամաս, քանի որ կտրուկ վատացել է առողջական վիճակը:
«Երբ երեխաս եկավ արձակուրդ, տեսնում էի, որ մոտը ինչ-որ բան այն չէր: Քթից, կոկորդից դեղին, մոխրագույն թարախային արտադրություն էր գալիս»,-ասում է Ալվարդ Կիրակոսյանը եւ ավելացնում, որ որդին փորձել է ամեն կերպ թաքցնել առողջական խնդիրները, բայց փետրվարի 21-ի երեկոյան, ըստ մոր խոսքերի, ուշագնաց է եղել:
«21-ի իրիկունը Երեւան էինք ուղարկելու, որ հաջորդ օրը առավոտյան գնար Ղարաբաղ: Միանգամից վատացավ, սկսեց երկարատեւ հազալ, գունափոխվեց, ցնցումների մեջ ընկավ, ջերմությունը եւ ճնշումը միանգամից բարձրացավ, տեղափոխեցինք Գյումրի բժշկական կենտրոն»,-ասում է Ալվարդ Կիրակոսյանը: Նրա տեղեկություններով՝ Գյումրի ԲԿ-ում որդու՝ Հուսիկ Կիրակոսյանի մոտ ախտորոշվել է բրոնխիտ ասթմայի սրացում, թոքերի խզզոցներ:
Հիվանդանոցում մեկ օր համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո խրոնիկական բրոնխիտի սրացում ախտորոշմամբ Հուսիկ Կիրակոսյանը տեղափոխվել է Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մայրն ասում է, որ տղային մեծ դժվարությամբ են ընդունել զինվորական հոսպիտալ. «Սկզբում չեն ընդունել հոսպիտալ, ասել են, որ փախած զինվոր ես, բայց իմ որդին այստեղից գնացել է զինկոմից վերցրած համապատասխան թղթերով»,-նշում է Ա. Կիրակոսյանը: Մոր խոսքով՝ որդին զինվորական հոսպիտալում բուժում է ստանում բրոնխիտի դեմ:
Ալվարդ Կիրակոսյանն ասում է նաեւ, որ որդին զինվորական ծառայության պիտանի չէ, նրան ի սկզբանե պետք չէր ընդգրկել զինծառայության մեջ: «Իմ պահանջն է, որ վերջնականապես զբաղվեն իմ երեխայի առողջական խնդիրներով: Իմ տղան ծառայության ենթակա չէ, թող իմ էրեխուն ընձի տան, հերիք է տանջեն: Էս սուր օդը ավելի է բարդացնում իրա վիճակը: Պարոն Հայրապետյան կոչեցյալը, որ հայտարարում է, որ իմ տղան առողջական խնդիրներ չունի, ես կբողոքեմ մինչեւ բարձրագույն մարմիններ: Խնդիրներ որ չունի, բա էդ թարախը որտեղից է գալիս»,-ասում է զինվորի մայրը՝ իր խոսքը ուղղելով ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանին:
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։