«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալն ու պատասխանատու հերթապահը դատապարտվել են դատապարտյալների հետ մարմնավաճառների տեսակցության գործով
Օրերս հրապարակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հետ մարմնավաճառների տեսակցության գործով դատավճիռը։ ՔԿՀ պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով, իսկ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը՝ 1 տարվա ազատազրկման։ Դատարանը վճռել է Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։
Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ՔԿՀ պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանին և հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանին։ Քրեական գործով նախաքննությունն իրականացրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, որը հայտնել էր, որ քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ մարմնավաճառ երեք աղջիկները 10.10.2016թ.-ին մեկ այլ դատապարտյալի դիմումի հիման վրա կարճատև տեսակցության պատրվակով մուտք են գործել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Սակայն պարզվել է, որ նույն օրն ուրիշ երեք դատապարտյալների հետ երկարատև տեսակցության ակնհայտ անօրինական թույլտվություն է տրամադրվել մարմնավաճառներին: Արդյունքում, վերջիններս երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի հանդիպել են դատապարտյալների հետ, որոնցից մեկը եղել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Ըստ դատարանի դատական ակտի՝ մինչև դատաքննությունը սկսելը ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտնել, որ համաձայն են մեղադրանքի հետ, իրենց լիովին մեղավոր են ճանաչում։ Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին։