
Իլիա 2-րդը Կարեն Կարապետյանին խնդրել է Հայաստանում վրաց եկեղեցուն կարգավիճակ շնորհել

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել է Հայաստանում վրաց եկեղեցիներին այնպիսի կարգավիճակ տալ, ինչպիսին ունեն Վրաստանում հայկական եկեղեցիները, նման հայտարարություն է արել վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Կախաբեր Գոգոտիշվիլին:
Քահանայի խոսքերով, Կարեն Կարապետյանի այցը շատ կարևոր է եղել:
«Կարևոր հանդիպում էր: Հայաստանի վարչապետը հաստատեց իր մեծ հարգանքը և սերը սրբի (նկատի ունի Իլիա 2-րդին) նկատմամբ: Պատրիարքը նրան խնդրեց, որպեսզի Հայաստանում վրաց եկեղեցուն տրվի այնպիսի կարգավիճակ, ինչպիսին Վրաստանում հայկական եկեղեցին ունի»,- Կախաբեր Գոգոտիշվիլիի խոսքերն է մեջբերում «interpressnews» պարբերականը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է նաև Վրաստանի վարչապետին և նախագահին: