
«Նախագահի խոսքի ապացույցները ցույց տվեցին Ադրբեջանի այսօրվա կորուստները»

Ադրբեջանը, հավատարիմ իր հանցագործ քաղաքականությանը, շփման գծում լարում է իրավիճակը՝ օգտվելով առիթից, որ Հայաստանը թևակոխում է ընտրական գործընթացների փուլ: Հակառակորդը գտնում է, որ դա իր համար լավ առիթ է սրել իրավիճակը, ինչը հանցագործ մտադրություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով անցած գիշեր ղարաբաղա-ադ րբեջանական շփման գծում ադրբեջանական հարձակման փորձին:
«Նման գործելաոճին ՀՀ Նախագահը Զինված ուժերի սպայական կազմի հետ հանդիպմանն արդեն պատասխանել է և նշել, որ որևէ ներքաղաքական գործընթաց չի ազդելու ԶՈՒ-ի մարտունակության վրա: Նախագահի խոսքի ապացույցները ցույց տվեցին Ադրբեջանի այսօրվա կորուստները, ինչի մասին խոսում է նաև այդ երկրի պաշտոնական քարոզչությունը: Ադրբեջանական կողմի կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է այդ երկրի ալիևա-փաշաևական կլանի վրա»,- ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է տեղի ունեցածին արձագանքի հասցեական և իրերն իրենց ան ուններով կոչի: