«Պատրաստվում ենք պայմանագրային զիծառայողների միջին աշխատավարձը հասցնել 240 000, իսկ սպայական կազմինը՝ 480 000 դրամի». Սեյրան Օհանյան
«Անշուշտ, բանակը, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, խնդիր ունի էլ ավելի կատարելագործվելու: Այո, մենք այսօր կարիք ունենք նոր, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման»,- այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ կիսում է հայրենակիցների մտահոգությունը՝ պարտադիր զինվորական ծառայության անցնող 18 տարեկան երիտասարդներին առաջին գծից հետ պահելու վերաբերյալ, որը, նրա խոսքով, կենսական դեմոգրաֆիկ նշանակություն ունի մեր ժողովրդի, մեր սերունդը պահպանելու համար. «Սակայն այս հարցի լուծումը նոր մոտեցումներ է պահանջում և երբեք չի կարող արվել պոպուլիզմի կամ չհիմնավորված հայտարարությունների միջոցով: Ես գիտեմ՝ ինչպես և ինչ ժամկետում դա կարող ենք անել»:
Ս. Օհանյանը հայտարարեց, որ իրենք առաջիկա երեք տարիների ընթացքում պայմանագրային զինծառայողների թիվը բարձրացնելու են, և նրանց միջին աշխատավարձը հասցնելու են 240 հազար դրամի. «Բացի դրանից՝ նաև սպայական կազմի առանց հավելումների միջին աշխատավարձը հասցնելով 480 հազար դրամի: Այս ամենը բյուջեի վրա կնստի մոտ 50 միլիարդ դրամ, որի շնորհիվ մենք կարևորագույն խնդիրներ կլուծենք: Ազգի անվտանգությունը մեր թիվ մեկ խնդիրը կհանդիսանա: Բազմիցս մեր կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացրել եմ զինծառայողներին, հատկապես՝ պահեստային զինծառայողներին բնակարաններով ապահովելու խնդիրը՝ հատուկ կարևորելով զոհված կամ հաշմանդամ դարձած մեր մարտական ընկերների բնակարանային պայմանների բարելավման համար դրամական փոխհատուցումների հարցը: Այդ հարցը չի լուծվել: Ես այսօր հայտարարում եմ, որ կարճ ժամանակահատվածում մենք լուծում ենք տալու այդ հարցին: Պատերազմի մասնակիցների աջակցության համար հատուկ ծրագրեր ենք մշակելու»: