Իրանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի արտադրության հարցում
Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հավանություն են տվել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզին»: Ինչպես հաղորդում է «Ռիանովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Ատոմի հարցերով բանակցությունների շրջանակում քննարկված օգտակար կետերից ամենակարևորը եղել է ՌԴի և Իրանի համատեղ միջուկային վառելիքի արտադրությունը: Մենք խոսել ենք այն մասին, որ այդ ոլորտում ունենք Ռուսաստանի օգնության կարիքը», ասել է Սալեհին:
Ուշադրություն հրավիրելով իրանական ատոմի ոլորտում ՌԴ մասնակցության և փորձի վրա՝ Սալեհին ընդգծել է, որ հաջողվել է պայմանավորվել Ռուսաստանի հետ երկար խորհրդատվությունների արդյունքում:
«Այդպիսով, երկար և ինտենսիվ բանակցություններից հետո, որոնք տևել են ավելի քանի երկու տարի, մեր փոխադարձ ըմբռնումը հանգել է ճանապարհային քարտեզի», ասել է Սալեհին՝ հիշատակելով նաև իր տեղակալ Բեհրուզ Կամալիվանդիի հունվարյան այցը Մոսկվա:
«Պարոն Կամալիվանդին իր վերջին Ռուսաստան այցի ընթացքում կազմել է այդ ճանապարհային քարտեզը: Պետք է նշել, որ այդ քարտեզը հաստատվել է երկու երկրների իշխանությունների կողմից», նշել է նա: