«Որպեսզի ցույց տա, որ ինքը գլխավոր հրամանատար է, այլ ոչ թե «подкаблучник», Ալիևը պետք է ագրեսիվ դրսևորումներ ցուցաբերի». Դավիթ Բաբայան
«Իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ԼՂ ՊԲ առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Դ. Բաբայանի խոսքով՝ նույնիսկ հաշվի առնելով այդ դիվերսիան, պետք է հասկանալ, որ այն որևէ ձևով արտառոց դեպք չի կարելի համարել.
«Որովհետև հակառակորդը նույնն է, նա շարունակում է իր հանցավոր գործունեությունը և քաղաքականությունը, և այս հանցավոր գործունեությունը դրա վառ դրսևորումներից մեկն էր»:
Մեր զրուցակիցը կատարվածը որևէ կերպ չի կապում Արցախում օրերս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի հետ, որը միջազգային դիտորդների կողմից դրական գնահատականների արժանացավ.
«Ադրբեջանն ինքն իր էությամբ ահաբեկիչ երկիր է, ու, եթե այդպիսին է, ուրեմն՝ պետք է նման քաղաքականություն վարի, այլ տարբերակ այստեղ գոյություն չունի, բայց կան որոշ զարգացումներ, որոնք ինչ-որ ձևով խթանում են ագրեսորի այդպիսի պահվածքը: Երկու հանգամանք կա. առաջին հանգամանքն այն է, որ կան որոշ տարեդարձեր, որոնք խթանում են հակառակորդի այդ պահվածքը:
Վաղը, այսպես կոչված, Խոջալուի ջարդերի օրն է, որը կազմակերպել են ադրբեջանցիները՝ իրենց քաղաքական պայքարի շրջանակներում, և հիմա ամեն ինչ անում են, որ բնակչությանն անընդհատ լարման մեջ պահեն: Երկրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանում տեղի են ունեցել ներիշխանական զարգացումներ, Մեհրիբան Ալիևան դարձել է երկրի փոխնախագահը:
Պատկերացրեք, որ ժողովրդի մի մասը զզվում է այդ ամենից՝ հատկապես զարգացած մասսան դա խայտառակություն է համարում: Մյուս կողմից էլ՝ բանակի, ուժային կառույցների մարդիկ ի՞նչ պետք է մտածեն. պետք է մտածեն, որ «подкаблучник» է այդ Ալիևը, արդեն չես հասկանում՝ ո՞վ է այնտեղ նախագահ, ո՞վ է կին, ո՞վ՝ տղամարդ, ո՞վ է պապան… Դրա համար, որպեսզի ցույց տա, որ ինքը գլխավոր հրամանատար է, այլ ոչ թե «подкаблучник», նա պետք է ագրեսիվ դրսևորումներ ցուցաբերի»:
Հարցին, թե՝ այդ գործողություններից առաջ նկատելի՞ էր ինչ-որ բան, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Այն, որ հետ են շպրտվել և կրել են մեծ կորուստներ, սա նշանակում է, որ մենք պատրաստ ենք: Բարեբախտաբար, մենք որևէ կորուստ չունենք, ըստ երևույթին, նրանց կորուստները շատ են, որովհետև չեն էլ հասցրել ահագին դիակներ դուրս բերել, հիմա նրանք ընկած են չեզոք գոտու որոշ հատվածներում»: