«Ես անձամբ զրուցել եմ Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղից. նա տեղյակ չի եղել». Գառնիկ Իսագուլյանը՝ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալության մասին
Ինչպես հայտնի է, ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Սերժ Սարգսյանի հրահանգը՝ բանակը չներգրավել նախընտրական գործընթացներում, նշանակել է, որ բանակը պետք է զերծ մնա Սեյրան Օհանյանի օգտին քվեարկելուց:
«Հո չի՞ ասում՝ Հանրապետականին ձայն չտաք։ Ասեց՝ մենակ Հանրապետականին կտաք։ Եթե իրենք այդպիսի վտանգ չտեսնեին՝ նման վայնասուն չէին բարձրացնի։ Չէին գնա էդ ջահելին ձերբակալեին, երեք օր պահեին, վախեցնեին ու բաց թողնեին՝ հայտարարելով, որ գործը դեռ շարունակվում է»,- նշել էր Ս. Բաբայանը՝ նկատի ունենալով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Ս. Բաբայանը չի տիրապետում ամբողջական ինֆորմացիային:
«Հավատացեք, որ որևէ նման բան չկա: Ցավոք սրտի, պարոն Բաբայանը չի տիրապետում ամբողջական ինֆորմացիային: Ես ԼՂՀ-ում էի, այնտեղ հանրաքվեի հետ կապված դիտորդական առաքելություն էի իրականացնում, որպես միջազգային դիտորդ՝ ներկա էր նաև Դավիթ Շահնազարյանը, որն ինձ ասաց, որ այսպիսի բան կա, որ Օսկանյանի տղային են կալանավորել: Ես եմ եղել այնտեղ, Վիտալի Բալասանյանը, Հյուսնունց Ռուդիկը, բոլորս այնտեղ նստած էինք:
Անմիջապես կապվել եմ Երևանի հետ, ճշտել ենք՝ իրականում ինչ է եղել: Զանգահարել եմ, հայաստանյան իշխանությունները տեղյակ էլ չեն եղել, կոնկրետ Սերժ Սարգսյանը տեղյակ էլ չի եղել: Ձեր կարծիքով՝ ամեն խուլիգանության համար, որ բռնում են, զանգում են երկրի ղեկավարի՞ն: Դե լավ, հիմա ինչ-որ մեկի տղան խուլիգանություն է արել, կալանավորել են, ո՞վ է ասում, որ դրա մասին ՀՀ նախագահը ցուցում է տվել: Ընդհակառակը, որպեսզի դա չշահարկվի, ընդառաջ են գնացել: Ասել, թե իշխանությունները ճնշում են գործադրում՝ ամոթ է, չի կարելի: Ես պաշտոնապես կարող եմ ասել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երբ զեկուցել են, ինքն այդ մասին տեղյակ չի եղել: Ես անձամբ զրուցել եմ նրա հետ Ղարաբաղից, տեղյակ չի եղել, ես եմ առաջինն այդ ինֆորմացիան տվել: Հիմա մարդիկ կարող է գնան, դիտավորությամբ հանցագործություն կատարեն, որ կալանավորվեն ու սկսեն շահարկեն, որ իշխանությունները մեր դեմ ճնշումներ են գործադրում, որովհետև մենք ենք միակ ընդդիմադիրը»,- նշեց Գ. Իսագուլյանը: