Այսօր Կոստանդնուպոլսի Սուրբ ժողովի 150 հայրապետների (381թ.) հիշատակության օրն է
Ընդհանրական եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը:
Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Ս. Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Ս. Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է նաև մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը:
qahana.am