Բաժիններ՝

Ոմանց թվում է՝ -22 աստիճան սառնամանիքը պետք է միանգամից վերածվեր +22 աստիճանի. Գ.Սուրենյան. armtimes.com

Armtimes.com-ը գրում է. Օրեր առաջ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտարարել էր, որ գարունը մոտ է, փետրվարի 24‐ից Եգիպտոսից մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որի հետևանքով օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 10‐15 աստիճանով: Այսօր փետրվարի 24‐ն է և արդեն իսկ համացանցում մի խումբ քաղաքացիներ «անհանգստացած են», թե ինչո՞ւ չիրականացավ Սուրենյանի խոստումը, և օդի ջերմաստիճանը ոչ միայն չբարձրացավ, դեռ մի բան էլ մառախուղ ձևավորվեց Երևանում: «Մարդկանց մի խումբ կա, որ տաքացման մասին լսելուց հետո հաշվի չի առնում, թե քանի աստիճանով է բարձրանալու ջերմաստիճանը: Նրանց թվում է, թե ‐22 աստիճան սառնամանիքից հետո միանգամից պետք է դառնա +22: Հենց նրանք են, որ սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացրել, թե օդի ջերմաստիճանը չի բարձրացել: Պետք է ասեմ, որ ջերմաստիճանն իրոք բարձրացել է. եթե 2 օր առաջ Արարատյան դաշտում, Երևանի ցածրադիր գոտում գիշերը ‐22…‐23 աստիճան սառնամանիքներ էին, այսօր գիշերը մենք ունեցել ենք ‐8…‐10 աստիճան, այսինքն մոտ 10‐14 աստիճան բարձրացում է եղել միայն գիշերային ժամերին:

Եթե երկու‐երեք օր առաջ ցերեկային ժամերին Արարատյան դաշտում եւ Երևանում ‐7…‐8 աստիճան էր, ապա այսօր Երևանի բարձրադիր հատվածներում (Արաբկիր, Նորքի զանգված, Քանաքեռ Զեյթուն) օդի ջերմաստիճանը ցերեկը հասել է +2…+3 աստիճանի, ցածրադիր հատվածներում՝ 0‐ի: Այսինքն մոտ 8‐10 աստիճանով էլ ջերմաստիճանը բարձրացել է ցերեկային ժամերին: Էլ չեմ խոսում Տավուշի, Սյունիքի հովտային գոտիների մասին, որտեղ այսօր արձանագրել ենք մինչեւ +17 աստիճան տաքություն, Վարդենիսում՝ +4, Մարտունիում, Գավառում, Սևանում և Հրազդանում՝ +1, Գյումրիում 0, Աշոցքում ‐1: Այսինքն հանրապետության ողջ տարածքում նկատելիորեն օդի ջերմաստիճանի բարձրացում է արձանագրվել»,‐ ի պատասխան իր կանխատեսումները ոչ ճիշտ համարողների հայտարարեց Սուրենյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս