Ապրիլյան պատերազմի մասնակից 47 զինծառայողներ արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի
Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողներ արժանացան «Հայկյան» հատուկ մրցանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հատուկ մրցանակները շնորհվեցին «Հայկյան-2016» մրցանակաբաշխության ընթացքում: Մի խումբ զինծառայողներ «Հայկյան» մրցանակի արժանացան հետմահու:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ որոշում է կայացվել այս տարի մրցանակի արժանացնել բոլոր այն հայորդիներին, ովքեր ապրիլյան պատերազմից հետո ստացել են Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով:
«Մենք գտնում ենք, որ նրանք արժանի են «Հայկյան» մրցանակի: Մենք հաշվի ենք առել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հորդորը և այդ երիտասարդներին ևս մասնակից դարձնել մրցանակաբաշխությունը»,- ընդգծեց Ավագյանը:
Մրցանակները զինծառայողներին և նրանց հարազատներին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: