Կազմակերպիչները «Եվրատեսիլ-2017»-ի շուրջ 15 հազար տոմս են վաճառել
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի կազմակերպիչները, որը տեղի կունենա մայիսին Ուկրաինայում, արդեն շուրջ 15 հազար տոմս են վաճառել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն:
«Փետրվարի 14-ին սկսվեցին տոմսերի պաշտոնական վաճառքները. առաջին տոմսը գնեց Եվրատեսիլ-2004-ի հաղթող մեր Ռուսլանան: Այսօրվա 9:30-ի (Երևանի ժամանակով 11:30-ի) դրությամբ վաճառվել է 14 հազար 951 տոմս աշխարհի 52 երկրների համար»,- ասել է նա Ուկրաինայի խորհրդարանում կառավարությանը տրվող հարցերի ժամին: Կիրիլենկոյի խոսքով՝ տոմսերի 52 տոկոսը ձեռք է բերվել Ուկրաինայում, իսկ 48 տոկոսը՝ արտասահմանում: Ամենից շատ վաճառվել են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ռուսաստանում:
Ընդամենը թողարկվել է 70 հազար տոմս: Ավելի վաղ Concert.ua-ի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ամենաէժան տոմսերն արժեն 8 եվրո և հնարավորություն են ընձեռում այցելելու փորձին, ամենաթանկերը՝ 500 եվրո եզրափակիչ շոուի համար VIP-գոտում: Եզրափակիչի աենաէժան տոմսը, ելնելով Concert.ua-ի տեղեկատվությունից, արժե 1999 գրիվնա (70 եվրո):
Մինչդեռ, ինչպես հայտնել է Concert.ua-ի տնօրեն Դմիտրի Չինը, սև շուկայում «Եվրատեսիլի» տոմսերի արժեքը հասնում է 40 հազար գրիվնայի (1403 եվրոյի ընթացիկ փոխարժեքով), ինչը 3-5 անգամ գերազանցում է սկզբնական գինը: «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները տեղի կունենան Ուկրաինայի մայրաքաղաքում մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր մրցասպարեզ կդառնա Միջազգային ցուցահանդեսաին կենտրոնը: