«Եթե անգամ քվեարկության օրն ամեն ինչ իդեալական է լինում, դա չի նշանակում, որ ընտրություններն իդեալական են եղել». Լևոն Բարսեղյան

«Ընտրությունները միայն քվեարկությունը չէ. մեր բոլոր ջանքերը միտված են հատկապես քարոզարշավին և քվեարկության օրվան, բայց պետք է հաշվի առնել, որ, եթե անգամ քվեարկության օրն ամեն ինչ իդեալական է լինում, դա չի նշանակում, որ ընտրություններն իդեալական են եղել: Նկատի ունեմ, որ 4-5 տարի շարունակ գործող իշխանություններն իրենց վերահսկողության տակ եղած լրատվամիջոցներով լվացել են մարդկանց ուղեղները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ այս վերջին օրերին հեռուստատեսությամբ րոպեական հավասարություն ապահովելով կամ քվեարկության օրը տեղամասերում կեղծիքներից զուրկ պրոցես ապահովելով չի որոշվում ընտրությունների արդարությունը. «Վաղը չէ մյուս օրն իշխանությունները կասեն, որ քվեարկության օրն անհամեմատ քիչ խախտումներ են արձանագրվել. դե, բնական է, այս տեսակ հսկողության պայմաններում տեղամասերում խախտումները քիչ կլինեն, ուրեմն՝ ընտրություններն անցել են ազատ և արդար, բայց դա այդպես չէ»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, որ այս պահին կարողացել են 3000-ից ավելի գրանցված դիտորդներ ունենալ, որից մոտ 2000-ի համար անցկացրել և շարունակում են անցկացնել թրեյնինգներ: «Որևիցե երկրում ընտրական համակարգը մեկ օրում չի կայանում. դա երկարատև պրոցես է»:

Տեսանյութեր

Լրահոս