«Եթե մարդուն ամբողջ տարին օգնում ես, ընտրություններից առաջ դա դառնում է ընտրակաշա՞ռք». Ալեքսան Պետրոսյան
«Ընտրություններում հաղթելն ինքնանպատակ չէ, և ոչ էլ կյանքի նպատակ է: Հաշվի առնելով, որ ես 40 տարի այդ ռեգիոնում աշխատում եմ, և աշխատում եմ այն մարդկանց հետ, որոնք գործ ունեն հողի հետ, ես իրենց հետ շարունակելու եմ աշխատել: Դրա համար ընտրություների արդյունքները որոշելու ենք ոչ թե ես և դուք, այլ որոշելու են ընտրողները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց թիվ 21 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), որը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արմավիրի մարզում, որտեղ ՀՀԿ-ից առաջադրվել են Առաքել Մովսիսյան (Շմայս), Սեյրան Սարոյանը, Նահապետ Գևորգյանը (Նովո):
Պատգամավորը նշեց, որ Արմավիրում 240 հազար ընտրող կա` 94 գյուղ, 3 քաղաք: Ըստ նրա` ընտրողին գրավելու ժամանակը հիմա չէ, մինչև հիմա պետք է ընտրողին գրաված լինեին: Ա.Պետրոսյանի կարծիքով` ընտրությունների ժամանակ գումարը դեր չի խաղա.
«Չգիտեմ՝ քաղաքում ինչպես, բայց մարզում շա՜տ քիչ կլինի, դա էլ պայմանական է, գուցե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով օգնում են, օրինակ` առողջապահական, որ ամբողջ տարվա ընթացքում նման բաներ լինում է, բայց ընտրություններին ուզում են հիշել: Մենք ընդհանուր տարվա մեջ ավելի շատ ենք օգնում, քան այս ընտրությունների ժամանակ: Պետք չի կապել մեկը մյուսին»:
Հարցին, թե ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ն նպատակ ունի մաքրվե՞լ որոշ դեմքերից, Ա.Պետրոսյանը նշեց, որ խորհրդարան կանցնեն այն մարդիկ, որոնց ժողովուրդն ավելի շատ է վստահում: Ըստ նրա, ի վերջո, ամեն անգամ խոսակցությունների թեմա դարձած ընտրություններ կեղծելն այսօր հավասարվել է զրոյի, գրեթե զրո է:
«Եթե մարդուն ամբողջ տարին օգնում ես, ընտրություններից առաջ դա դառնում է ընտրակաշա՞ռք: Ուրեմն ամբողջ տարի՞ն ես ընտրակաշառքով զբաղված: Տրամաբանություն չկա դրանում»,- ասաց Պետրոսյանը:
Դիտարկմանը, որ ինքն ԱԺ-ում ոչ միշտ է համաձայնել ՀՀԿ նախագծերին, ԵԱՏՄ-ի դեմ է բողոքել, կարո՞ղ է ՀՀԿ-ի աջակցությունը չստանալ, և խոչընդոտներ առաջանան, Ա.Պետրոսյանը պատասխանեց. «Ինչի՞ համար: Ես ձեզ բացատրեցի, այս ընտրություններին պատգամավոր է ընտրվելու այն մարդը, որին ժողովուրդը վստահելու է: Ոչ մի բան պետք չի, որևէ վարչական լծակ, ազդեցություն պետք չի»:
Գնահատելով իր հնարավորությունները` Ա.Պետրոսյանը նշեց, որ շատ հանգիստ է. . «Այնպես չէ, որ մահու պայքար է, ի՞նչ է եղել: Կյանք է, էլի»: Պետրոսյանը նշեց, որ չընտրվելու դեպքում իր սիրած աշխատանքով` խաղողագործությամբ կզբաղվի, իսկ կրկին վստահության քվե ստանալու դեպքում խոստանում է ամեն ինչ անել, որ գյուղացու վիճակը թեթևացնի: