
Ինչու ընդդիմադիր դաշտում լայն դաշինք չձևավորվեց

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը բացատրեց, թե ինչու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ չհաջողվեց ստեղծել միասնական ընդդիմադիր բևեռ, որը կարող էր այլընտրանք հանդիսանալ իշխանությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ առաջին հերթին ինչ-ինչ պատճառներով չկար այն կենտրոնը, որի շուրջ կարող էր համախմբվել ընդդիմադիր դաշտը:
«Սակայն ամեն դեպքում մենք դրական ենք արձագանքել քաղաքական ուժերից եկող առաջարկին միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծելու վերաբերյալ: Մենք առաջարկ ենք ստացել «Ժառանգություն» կուսակցությունից, այլ քաղաքական ուժերից և, չնայած այն հանգամանքին, որ կասկածանքով ենք վերաբերվել նման հնարավորությանը, տվել ենք մեր համաձայնությունը սկսել բանակցություններ ընդդիմադիր լայն դաշինք ձևավորելու համար»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա հավելեց, որ դրանից հետո ընդդիմադիր դաշտում սկսվել են սեպարատ բանակցություններ, որոնց արդյունքում ձևավորվել են մի քանի փոքր դաշինքներ: «Այս պարագայում մեզ համար արդեն պարզ էր, որ լայն դաշինք ձևավորել հնարավոր չէ, և մենք որոշում ընդունեցինք ընտրություններին գնալ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով»,- ասաց նա` հավելելով, որ ձևավորված փոքր ընդդիմադիր դաշինքները չեն կարող կյանքի կոչել իրենց նպատակները, ինչը կարելի էր անել ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիայի պարագայում:
Նրա խոսքով` այս պարագայում ավելի կարևոր է, որպեսզի իրենք հանրությանը հստակ ներկայացնեն այն ծրագիրը, որով գնում են ընտրությունների, քան արհեստական փորձեր ձեռնարկել ինչ-որ դաշինքներում ներգրավվելու: