Զինծառայողներին դրամական միանվագ հատուցման շրջանակը կընդլայնվի
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում պարզաբանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարաններում կամ հատկացված հատուցումների շրջնակներում վարձակալած բնակարաններում բնակվող զինծառայողների ընտանիքի անդամների մահվան դեպքում այսօր սահմանված դրամական միանվագ հատուցումը վճարել ոչ միայն ծնողների հետ համատեղ բնակվողներին, այլև այն զինծառայողներին, ովքեր համատեղ չեն բնակվում իրենց ծնողների հետ:
«Ներկայումս օրենքում նախատեսված դրույթը վերաբերում է համատեղ հաշվառված բնակվող ծնողների և զինծառայողների հատուցման վճարին»,- ասաց նախարարը: