ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավին հանդես կգա «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ մնալ անվտանգությունը: Անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացու հուզող խնդիր է, և մենք` որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է պահպանենք և զարգացնենք մեր ազգային անվտանգությունը, որովհետև առանց ուժեղ անվտանգության համակարգի դժվար թե կարողանանք խոսել այլ որորտներում զարգացումների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Հայաստանի համար հաջորդ կարևոր խնդիրը տնտեսական առաջընթացն է: «Մենք կներկայացնենք այն ուղիները, որոնք թույլ կտան առաջընթաց ապահովել տնտեսության բոլոր բնագավառներում»,- ասաց Շարմազանովը:
Նա հավելեց, որ կուսակցության նախընտրական ծրագիրը մանրամասն քննարկվել և արդեն պատրաստ է: