Բաժիններ՝

Ինտերպոլին դիմելու Ադրբեջանի դատախազության փորձերը Արցախի խորհրդարանում անհեթեթություն են որակել

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները մեկնաբանել են Արցախում դիտորդական առաքելության համար Ինտերպոլի միջոցով Ադրբեջանի գլխավոր դատախազության մի խումբ գործիչների միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը:

«Արմենպրես»­-ի հաղորդմամբ` «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասել է, որ Ադրբեջանից արդեն ամեն ինչ սպասելի է. նրանց ոչ մի քայլ այլևս չի զարմացնում: «Վերջերս Իլհամ Ալիևը կնոջը նշանակել է իր առաջին տեղակալ, հիմա էլ Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ է իբր հետախուզում հայտարարել: Սա ուղղակի քմծիծաղ է առաջացնում, ես կարծում եմ, որ որևէ նորմալ մարդ չի կարող հավանության տալ Ադրբեջանի այդ քայլին: Դա նրանք փորձում են կապել մեր հանրաքվեի հետ, որին ավելի քան 100 միջազգային դիտորդներ են մասնակցել: Այնպես որ, իմ կարծիքով, Ադրբեջանը փորձում է մեկուսացնել Արցախն աշխարհից, բայց ստանում է միանգամայն հակառակ պատկերը. նրանց քայլերը բումերանգի ազդեցություն են ունենում: Այս առումով Լապշինի ձերբակալության փաստը լավ օրինակ է: Նրանք ապաշնորհ, կացնային քաղաքականություն են վարում, ինչը բնականաբար չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից»,­- նշել է Վ. Բաղրյանը:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Լապշինի գործից հետո շատ կարևոր էր, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունների ներկայությունը Արցախում մեծ լինի: «Կարծում եմ՝ Ադրբեջանը, Լապշինի գործը քաղաքական հրապարակ բերելով հանդերձ, չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ այցելողների վրա: Ադրբեջանը սխալվել է՝ սահմանափակումներ ակնկալելով: Ի վերջո դիտորդական առաքելություն անցկացնող պատվիրակություններն ականատես եղան Արցախում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, մյուս կողմից՝ Ադրբեջանի «բարձրաստիճան պաշտոնյանների նշանակման» փաստի մասին տեղեկացան: Նրանք արդեն կարող են օբյեկտիվորեն համեմատություններ անցկացնել երկու երկրների միջև»,-­ ասել է Դ. Իշխանյանը:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ նշել է, որ հենց միջազգային դիտորդներից շատերը չէին թաքցնում, որ իրնեց չի հետաքրքրում Ադրբեջանի քայլերը: «Նրանք չեն նախատեսում իրենց ամառային արձակուրդներն անցկացնել Բաքվի նավթի մեջ, հետևաբար, Ադրբեջանը ոչ մի լուրջ ակնկալիք չի կարող ունենալ այս հայտարարություններն անելով»,-­ հավելել է Հ. Խանումյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս